ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում հանդիպել է պատանի ընթերցողների հետ։
Նախարարը մասնակցել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Ղազարոս Աղայանի «Անահիտ» և Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» ստեղծագործությունների քննարկմանը՝ երեխաների հետ զրուցելով գրական հերոսների, արժեքների ու գաղափարների մասին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Արարատի մարզային գրադարանը գրական տաղավարով հանդես էր եկել նաև «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի շրջանակում, իսկ տարբեր ուսումնական հաստատություններից գրադարան այցելող երեխաներն այս ստեղծագործություններն ընտրել էին հենց ԿԳՄՍ նախարարի՝ ամառային արձակուրդներից առաջ տված խորհրդով: Ավշարի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» նովելի հիման վրա նաև նախագծային աշխատանք էին իրականացրել:
Շնորհակալություն հայտնելով երեխաներին ընթերցանության հանդեպ հետաքրքրության և ակտիվ մասնակցության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ընթերցելը գիտելիք ձեռք բերելու, աշխարհընկալումը ձևավորելու և ինքնաճանաչման կարևոր միջոց է։
«Կարևոր է կարդալ ու կարդացածը գիտելիքի վերածել: Պետք է հասկանալ յուրաքանչյուր ստեղծագործության ժամանակաշրջանը, հեղինակի մտահղացումը, և այն դիտարկել մերօրյա իրականության համատեքստում։ Այդպես մենք ոչ միայն վերլուծել ենք սովորում, այլև ձևավորում ենք սեփական մտածողությունը։ Մի՛ վախեցեք տարբերվելուց և սեփական կարծիքն արտահայտելուց. դա պետք է խրախուսելի լինի ցանկացած միջավայրում», – նշել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ դպրոցականները շարունակելու են հաճախել գրադարան, կարդալ և միասին քննարկել գրքերը՝ զարգացնելով քննադատական մտածողությունն ու ստեղծագործական կարողությունները։
«Գրքերը մեր առջև բացում են հարուստ ու բազմաշերտ աշխարհ։ Տեխնոլոգիաների արագ զարգացող այս ժամանակաշրջանում կարևոր է նաև պահպանել կապը ընթերցանության հետ։ Վստահ եղեք՝ շատ կարդալով կարող եք գիտելիք ձեռք բերել ամենատարբեր ոլորտներից, բացահայտել աշխարհը, դառնալ լավ մասնագետ և լավ մարդ։ Ուրախ եմ, որ այցելում եք գրադարան, կիսվում ձեր տպավորություններով ու միասին քննարկում կարդացածը», – եզրափակել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով նաև Արարատի մարզային գրադարանի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար։
Միջոցառման շրջանակում դպրոցականները ԿԳՄՍ նախարարին ներկայացրել են նաև իրենց ձեռագործ աշխատանքներն ու ստեղծագործությունները: