ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի բացման համերգին:
Հնչել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, կատարել է Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից:
Փառատոնի մյուս համերգներին ելույթ կունենան թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը։
Համերգները ղեկավարում են Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը, Բոյան Սուդիչը։
Փառատոնի շրջանակում առանձին համերգով կներկայացվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խորհրդի պատվավոր անդամ Արվո Պյարտի ստեղծագործություններից՝ ի նշանավորումն կոմպոզիտորի 90-ամյակի։
Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը, ռազմավարական հովանավորը՝ Freedom Broker Armenia ընկերությունը, որի հետ համագործակցության շնորհիվ երիտասարդ հայ օպերային մեներգիչները հնարավորություն կունենան վարպետության դասեր ստանալ և համատեղ համերգով հանդես գալ մաեստրո Ջանլուկա Մարչիանոյի հետ։
Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սիմֆոնիկ Նոր տարի․ Խաչատրյան+ջազ» տոնական համերգով։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից անդամակցում է Եվրոպական փառատոների ասոցիացիային, որը նոր հնարավորություններ է ստեղծում Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման գործում։