ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Իրանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ Թեհրանում անցկացվել են Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ։

Իրանի ազգային գրադարանում և արխիվում տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի պարսկերեն հրատարակության շնորհանդեսը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և պոեմի պարսկերեն թարգմանիչ Նորայր Մեհրաբյանը, Իրանի ազգային գրադարանի և արխիվի ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին, Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Թեհրան այցի շրջանակում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը հանդիպել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի տնօրենի հետ։ Նա Իրանի ազգային գրադարանում վերջերս բացված Հայկական անկյունին նվիրել է Իսահակյանի ստեղծագործությունների նոր հրատարակությունները։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում Թեհրանի «Րաֆֆի» միության դահլիճում կազմակերպվել է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։