Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցած Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 20-րդ նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ընթացիկ նստաշրջանի փոխնախագահ։

Կոմիտեն ընդունել է որոշում՝ «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակի շնորհման հայտադիմում պատրաստելու նպատակով Հայաստանին տրամադրված միջազգային օժանդակության շրջանակում իրականացված ծրագիրն ամփոփելու վերաբերյալ։

Նշենք, որ Հայաստանը «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտ է ներկայացրել:

Նստաշրջանի ընթացքում կոմիտեն դիտարկել է նաև 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության քարտուղարության զեկույցը, միջազգային օժանդակության մեխանիզմի շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը, այս կապակցությամբ ստացված նոր դիմումները։ Անդամ երկրների հայտերի հիմքով՝ կոմիտեն ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է շնորհել մի շարք մշակութային օբյեկտների: