ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ: Օրակարգում «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի քննարկումն էր:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել շրջանառության մեջ գտնվող հայեցակարգի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար. «Կարծում եմ՝ հայեցակարգային փաստաթղթերի վերջնարդյունքից ոչ պակաս կարևոր են դրա քննարկման ընթացքն ու կառուցողական երկխոսությունը: Այս հայեցակարգի կարևոր նպատակներից է՝ պետության զարգացումը փոխկապակցել ներկա իրողություններին և հասկանալ, թե ինչքանով է գեղագիտության համակարգը դրան նպաստում»:
Ըստ նախարարի՝ հայեցակարգում շեշտադրված են նաև մշակութային կյանքի հասանելիությանը և միջավայրի գեղագիտությանը վերաբերող խնդիրներ՝ սկսած բնակավայրերի արտաքին տեսքից մինչև իրականացրած ծրագրերի թիրախային բովանդակություն: Հայեցակարգը կարևոր է նաև պետությունը տարբեր հարթակներում միասնական ձևաչափով ու միևնույն մոտեցմամբ ներկայացնելու տեսանկյունից:
Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը ևս շնորհակալություն է հայտնել քննարկման հնարավորության համար՝ կարևորելով հայեցակարգի լավարկման ջանքերի միավորումը. «Փաստաթուղթը պետք է առաջնորդի՝ կողմնորոշվելու, թե ինչպես ենք դիրքավորվում որպես պետություն՝ ձևավորելով մեր երկրի միջազգային վարկանիշը ստեղծագործող արվեստագետների միջոցով»:
Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայեցակարգի բովանդակության, դրա լրամշակման, մերօրյա իրողություններին համապատասխանեցման, առավելագույնս թիրախային դարձնելու վերաբերյալ: Նրանք, մասնավորապես, ընդգծել են փաստաթղթի տերմինաբանական ճշգրտման անհրաժեշտությունը, դրա իրավական արժեքի փոփոխությունը՝ հաշվի առնելով ազատ արվեստագետների և մեկենասների գործունեության առանձնահատկությունները: Կարևորվել է նաև գեղագիտության, արվեստի և կրթական համակարգի ներդաշնակ փոխառնչության քաղաքականության մշակումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք այլ խնդիրների: