ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի միջազգային գծով պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը և ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջպետական համաձայնագրերով նախատեսված կրթաթոշակային ծրագրերի արդյունավետ իրականացման, ՀՀ բուհերում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության մեխանիզմների, միջազգային վարկանիշային համակարգերում ՀՀ բուհերի տեսանելիության բարձրացման, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի միջազգային հանրայնացման հեռանկարների վերաբերյալ հարցեր։
Միջպետական կրթաթոշակային ծրագրեր և ակադեմիական շարժունություն
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը շարունակաբար ընդլայնում է միջազգային համագործակցությունների շրջանակը՝ ակադեմիական շարժունությունը դիտարկելով որպես բարձրագույն կրթության մրցունակության բարձրացման առանցքային գործիք։
Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանը միջպետական ծրագրերի շրջանակում կրթական փոխադարձ տեղերի տրամադրմամբ համաձայնագրեր ունի Ռուսաստանի, Չինաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Վիետնամի, Իրանի, Հունգարիայի և Հորդանանի հետ, իսկ Իրաքի, Քուվեյթի և մի քանի այլ պետությունների հետ ներկայում բանակցություններ են ընթանում։
«Ակադեմիական շարժունությունն ինքնանպատակ գործընթաց չէ։ Այն միաժամանակ բարձրացնում է մեր երկրի բուհերի միջազգային ճանաչելիությունն ու նպաստում է նոր գործընկերությունների ձևավորմանը»,–ընդգծել է նախարարի տեղակալը՝ առաջարկելով բուհերին միջպետական կրթական ծրագրերի մասին տեղեկատվությունն առավել ակտիվ տարածել ուսանողների շրջանում։
Օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների ընդունելություն
ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուստարվանից օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Էլեկտրոնային համակարգում 2025-2026 ուստարվա ընդունելության համար հաստատվել է 2018 հայտ, որից 743-ը՝ սփյուռքահայ, 1275-ը՝ օտարազգի դիմորդ: Ըստ նախարարի տեղակալի՝ այս տարվա դինամիկան դրական է, քանի որ օտարերկրյա դիմորդների թվաքանակում այլ ազգի ներկայացուցիչների թիվն ավելի շատ է եղել՝ ի համեմատ սփյուռքահայերի։
«Այս տարի աճը եղել է հենց օտարերկրացի դիմորդների հաշվին, ինչն ուրախալի փաստ է և ցույց է տալիս, որ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգն իրական հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն մեր հայրենակիցների, այլ օտարազգիներ համար։ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով շատ հստակ թիրախ է սահմանված՝ օտարերկրյա ուսանողների ընդունելության թվերի կրկնապատկում։ Այս տարի ներդրված ընդունելության Էլեկտրոնային հարթակն այդ ամբողջ մեծ փաթեթի միայն մեկ, բայց շատ կարևոր գործիք է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով բուհերի մրցակցային միջավայրի բարելավման կարևորությունը։
Նա նաև անդրադարձել է սփյուռքահայ դիմորդներին պետության կողմից ամեն տարի տրամադրվող 70 անվճար տեղերին՝ առաջարկելով վերանայել մասնագիտությունների ցանկը, որոնք ներկայում սահմանված են միայն հայագիտական, մանկավարժական և արվեստի ուղղություններով։
Միասնական թեստավորում օտարերկրացի դիմորդների համար
Անդրադառնալով օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգին՝ նախարարի տեղակալը նշել է, որ հայերենի իմացության մակարդակի ստուգման առումով բուհերում կիրառվող մոտեցումները զգալիորեն տարբերվում են։ Այս համատեքստում նա առաջարկել է քննարկել գիտելիքի ստուգման միասնական ձևաչափի ներդրումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԿԳՄՍ նախարարությունը ձեռնամուխ է եղել «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» ծրագրի կատարմանը Լեզվի կոմիտեի հետ համատեղ: Արթուր Մարտիրոսյանի համոզմամբ՝ միասնական չափորոշիչները կապահովեն հավասար մրցակցային պայմաններ բոլոր դիմորդների համար։
Միջազգային վարկանիշավորում
Նախարարի տեղակալը շեշտել է, որ միջազգային վարկանիշային համակարգերում ՀՀ բուհերի ներկայությունը պետք է դառնա պետական և ինստիտուցիոնալ առաջնահերթություն։
«Պետական ծրագրով ունենք հստակ թիրախ, որ մեր բուհերը պետք է հայտնվեն առավել բարձր միջազգային դիրքերում։ Այստեղ միայն Կառավարությունը և բուհերի կառավարման խորհուրդները չեն կարող արդյունք ապահովել․ համադրված աշխատանքը պետք է կատարվի բուհի ներսում՝ միջազգային կապերի, ծրագրերի, թափանցիկության, թվայնացման և այլ ուղղություններով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Հայաստանի կրթության միջազգային առաջմղում և կրթական էքսպոներ
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև միջազգային հանրայնացման նոր նախաձեռնություններ՝ մասնավորապես առաջարկելով դիտարկել արտերկրում համատեղ կրթական ցուցահանդեսների (Education Expo) կազմակերպման հնարավորությունը: Այս նախաձեռնությունն Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ակադեմիական քաղաքի կառուցման համատեքստում՝ նշելով, որ վերջինիս ստեղծումը ենթադրում է հանրակացարանային և կրթական ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների ներգրավման աճ:
«Հավատացած ենք, որ Հայաստանը կարող է առաջարկել մրցունակ կրթական ծրագրեր ոչ միայն բժշկական, այլև ճարտարագիտության, ճարտարապետության, տնտեսագիտության, ինչպես նաև հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտներում»,– նշել է Արթուր Մարտիրոսյանը։
Հանդիպմանը ներկա ՀՀ պետական բուհերի միջազգային գծով պրոռեկտորները և պատասխանատուները քննարկված թեմաների ուղղությամբ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հանդես եկել տարբեր առաջարկություններով: