ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է բռնցքամարտի WBL և WBF վարկածով աշխարհի, WBF վարկածով Եվրոպայի, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցին: Վերջինս նոյեմբերի 23-ին Թաիլանդում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հերթական տպավորիչ հաղթանակն է տարել՝ սուպեր թեթև քաշային կարգում դառնալով UBO վարկածով աշխարհի չեմպիոն։

Հասմիկ Ավագյանը Յուրի Սաքունցին հանձնել է ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիր՝ բարձր գնահատելով նրա ջանքերը՝ ուղղված նոր նվաճումներ գրանցելուն և Հայաստանի մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելուն:

«Ի թիվս Ձեր այլ հաջողությունների՝ այս հաղթանակն աննախադեպ առաջընթաց էր և նոր նշաձող մարզաշխարհի համար: Մենք բոլորս հպարտ ենք Ձեր հաջողություններով և ոգևորված՝ առաջիկա հաղթանակները տեսնելու ակնկալիքով»,– նշել է Հասմիկ Ավագյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուրի Սաքունցն ընդգծել է, որ մարզական նվաճումը միայն իրենը չէ․ «Այս հաղթանակը նաև իմ երկրինն ու ժողովրդինն է: Շարունակելու եմ անել առավելագույնը՝ հայկական սպորտը միջազգային ասպարեզում առավել ճանաչելի դարձնելու նպատակով»:

Մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում արդեն 20 մենամարտ է անցկացրել և նույնքան հաղթանակ տարել, որից 18-ը՝ նոկաուտով: Առաջիկայում նա մենամարտեր կունենա Գերմանիայում և Ավստրիայում:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև սպորտի վերաբերյալ ընթացակարգային մի շարք հարցեր: