Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Դուբայում մասնակցում է աշխարհի առաջնությանը:

Հայաստանի թիմի կազմում 14 բռնցքամարտիկ է ընդգրկված՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Արմեն Մաշակարյանը, Հովհաննես Բաչկովը (երկուսն էլ՝ 67 կգ), Արարատ Հարությունյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+ 92կգ):

Դեկտեմբերի 4-ին՝ մրցումային առաջին օրը, ռինգ դուրս կգան բռնցքամարտիկներ Արարատ Հարությունյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Արարատ Հարությունյանը մեկնարկում կմրցի Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի հետ, Վախթանգ Հարությունյանի մրցակիցը կլինի նիգերացի Աբդուլ Բակի Ադամոուն, իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) կմենամարտի Կուկի կղզիները ներկայացնող Մայքլ Շուստերի հետ։

Այս տարվա գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու է նաև միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը, որն ընդգրկված է առաջնության մրցավարական կազմում։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Ռուդիկ Մկրտչյանը, մարզիչ՝ Ռոբերտ Պետրոսյան։ Մրցավայրում թիմին աջակցում են ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոններ Մեխակ Ղազարյանն ու Սամսոն Խաչատրյանը։

Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը եղել է 2021 թ․ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։

Աշխարհի առաջնությանը մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ։