ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը:
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ դեռևս 2007 թ. Հայաստանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ այլ երկրները ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը 2012 թ. արձանագրությամբ ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Արձանագրությունը վերաբերում է նաև համաձայնագրին կից կանոնադրության մեջ փոփոխությունների կատարմանը։ Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի գործունեությունը կդառնա ավելի արդյունավետ. սահմանվել են մի շարք կարգավորումներ, որոնք կբարելավեն խորհրդի աշխատանքները։
«Մասնավորապես՝ ավելի հստակ է սահմանվում, որ խորհրդի նախագահությունը, որը նախկինում տևում էր մեկ տարի, կարող է երկարաձգվել, եթե խորհուրդը համապատասխան որոշում ընդունի։ Բացի այդ՝ նշված է, որ քարտուղարությունն այսուհետ գործելու է ոչ թե ԱՊՀ գործադիր կոմիտեի ենթակայությամբ, այլ նախագահող երկրի հովանու ներքո։ Դիցուք՝ եթե Հայաստանը լինի նախագահող երկիր, ապա ԿԳՄՍՆ-ի սպորտի քաղաքականության վարչությունը կստանձնի խորհրդի քարտուղարությունը։ Առկա են նաև այլ կարգավորումներ, այդ թվում՝ ֆինանսավորման վերաբերյալ, որոնցով հստակեցվում է, որ յուրաքանչյուր անդամ երկիր ինքն է հոգում գործուղումների և մասնակցության հետ կապված ծախսերը»,- ներկայացրել է Արթուր Մարտիրոսյանը։
Ընդհանուր առմամբ՝ փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի կազմի ձևավորման, անդամների փոխարինելիության, նախագահի լիազորությունների, քարտուղարության դերի, դիտորդության կարգավիճակի և այլնի հետ կապված հարցեր:
Հիմնական փոփոխությունները վերաբերում են նաև խորհրդի լիազորությունների հստակեցմանը, ինչպես նաև խորհրդի նիստերի կազմակերպման և ֆինանսավորման կարգի հաստատմանը։
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրած 7 երկրից 5-ը՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, արդեն վավերացրել են նոր արձանագրությունը։ Հայաստանը կդառնա վեցերորդ երկիրը, որը կվավերացնի այդ փաստաթուղթը։