ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Ազգային մեխանիզմի թվային գործիքի՝ «ԱԻ-ՆԵՄՐԱ» մոնիթորինգային հարթակի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

«ԱԻ-ՆԵՄՐԱ» թվային գործիքի նպատակն է հետևել և վերահսկել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների և հանձնարությունների կատարումը:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը որպես բանախոս հանդես է եկել «Կառավարության համապարփակ մոտեցում՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության. միավորելով մոնիթորինգի և հաշվետվողականության՝ միջազգային, տարածաշրջանային և ազգային մեխանիզմները» թեմատիկ քննարկմանը:

Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ միջազգային հաշվետվողականության ամրապնդմանն ուղղված թվային նոր գործիքը հնարավորություն կտա մարդու իրավունքների ոլորտում բարձրացնել պետության թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Նրա նշմամբ՝ բարեփոխումների շրջանակում կրթության համակարգի բոլոր մակարդակներում թվայնացման մեծ աշխատանքներ են իրականացվում. «Վստահ եմ, որ թվայնացված համակարգերի և հարթակների առկայությամբ և համապատասխան արհեստական բանականության գործիքակազմերի կիրառմամբ կարողանալու ենք բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը՝ խնայելով մարդկային ռեսուրսը և ապահովելով թափանցիկություն ու հաշվետվողականություն»:

Արաքսիա Սվաջյանի նշմամբ՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմքում բոլորի համար մատչելի, հասանելի և որակյալ կրթություն ապահովվելու առաջնահերթությունն է դրված. «Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում՝ ուղղված խոցելի կամ ռիսկային խմբերի՝ որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացմանը: Այս համատեքստում իրականացվող ծրագրերից կարևոր են գյուղական փոքրաքանակ սովորողներով դպրոցների դասավանդողների համար լրացուցիչ ֆինանսական խրախուսման մեխանիզմների կիրառման, գյուղական բնակավայրերում նոր ենթակառուցվածքների և կրթահամալիրների կառուցման աշխատանքները: Զուգահեռաբար ջանքեր են գործադրվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության հասանելիության և որակի բարելավման ուղղությամբ: Որակյալ կրթությանն ուղղված գործողություններից են ինչպես միջավայրային մատչելիության ապահովումը, այնպես էլ խելամիտ հարմարեցումները և կրթական բովանդակության համապատասխանեցումը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին: Այս հարցի շրջանակում է նաև օժտված երեխաների համար առանձնահատուկ պայմանների ապահովումը, որը հնարավորություն է ընձեռում տաղանդի բացահայտման և զարգացման համար: Առանձին խումբ են ներկայացնում սոցիալապես անապահով ընտանիքների և ուսման մեջ դժվարություններ ունեցող երեխաները: Օրինակ՝ նոր չափորոշչի շրջանակում ներդրել ենք նոր գործիք. առաջադիմության դժվարություններ գրանցելու դեպքում դպրոցը երկարօրյա լրացուցիչ ծառայություն է կազմակերպում տվյալ աշակերտի համար»:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Դպրոցական սննդի ծրագիրը՝ նշելով, որ մարզերի բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար ապահովվում է տաք սնունդ։ Հաջորդ տարվանից ծրագիրը կփորձարկվի նաև Երևանի մի շարք դպրոցներում:

Նա անդրադարձել է նաև կրթության ոլորտում միջազգային պայմանագրերով ստանձնած մի շարք հանձնառությունների, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների երեխաների համար սեփական ազգային մշակույթը և լեզուն ուսումնասիրելու հավասար հնարավորությունների ընձեռմանը: Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և համակարգ վերադարձնելու գործընթացին և շեշտադրել, որ այս ուղղությամբ պետական տարբեր կառույցների միջև տարվող համագործակցված աշխատանքն իրականացվում է թվայնացված համակարգերի միջոցով:

Միջոցառմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը (առցանց), Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, «Տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը, պետական այլ գերատեսչությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: