ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 2-5-ը կանցկացվի «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը (ծրագիրը՝ կից):
Համաժողովն իրականացնում է «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն: Բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանային հատվածի տեսասրահում:
Համաժողովին կմասնակցեն ֆիլմարտադրության, ֆիլմերի ցուցադրման և տարածման, կինոժառանգության պահպանման, ստեղծարար արդյունաբերության և կինոոլորտում թվային տեխնոլոգիաների մասնագետներ, պետական մարմինների և կինոկազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, ԱՊՀ անդամ երկրներն ու Վրաստանը:
Համաժողովի 2025 թվականի գլխավոր թեման է՝ «ԱՊՀ անդամ պետություններում միջմշակութային երկխոսություն և համագործակցություն կինեմատոգրաֆիայի ոլորտում»։
Համաժողովի առանցքում միջազգային համագործակցության զարգացման, մասնագիտական կապերի ամրապնդման, պետական մարմինների և ոլորտի միջև համագործակցության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև ազգային կինեմատոգրաֆիայի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների բացահայտումն է։
Համաժողովի շրջանակում դեկտեմբերի 5-ին կկազմակերպվի նաև խաղարկային լիամետրաժ կինոնախագծերի շնորհանդես, և համաժողովի միջազգային մասնակիցների փակ քվեարկությամբ կընտրվեն 4 լավագույն կինոնախագծերը: Դրանք ԿԳՄՍ նախարարության կողմից կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակ՝ կինոնախագծի փաթեթների ձևավորման և առաջխաղացման նպատակով: