ԿԳՄՍ նախարարությունը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հետ համատեղ կազմակերպել է լող, սուսերամարտ և սեղանի թենիս մարզաձևերի մարզիչ-մանկավարժների եռօրյա վերապատրաստումներ:
Շուրջ 81 մասնագետներ մասնակցել են վերապատրաստումներին, որոնք անցկացվել են տեսական դասընթացների և գործնական պարապմունքների ձևաչափերով։ Լողի գործնական բաղադրիչը կազմակերպվել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում։
Վերապատրաստող մասնագետները հրավիրվել են արտերկրից՝ համապատասխան միջազգային ֆեդերացիաների միջնորդությամբ։ Դասընթացներն անցել են համագործակցային և փորձի ակտիվ փոխանակման մթնոլորտում, իսկ ուսումնամեթոդական նյութերն ընդգրկել են ժամանակակից մոտեցումներ, ոլորտային փոփոխություններ և նոր փորձի կիրառման հնարավորություններ։
Միաժամանակ հայտնում ենք, որ դեկտեմբերին կիրականացվի նաև ձյուդո և գեղասահք մարզաձևերի մարզիչ-մանկավարժների վերապատրաստումը:
ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 889-Ն որոշման: