Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Միջոցառումն իրականացվել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկներ» երևանյան միջազգային համաժողովի շրջանակում:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են աշխատող դարբիններ, ինչպես նաև մուրճի ու շիկացած մետաղի հպումից առաջացող կայծեր։ Նամականիշի վրա տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանը, քանի որ Գյումրու դարբնության ավանդույթը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Նամականիշի վրա առկա է նաև «ԳՅՈՒՄՐՈՒ ԴԱՐԲՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ» գրառումը՝ հայերենով և անգլերենով:
Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում: