Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը նախատեսված էր երիտասարդական կազմակերպություններում, կենտրոններում, ինչպես նաև համայնքապետարաններում աշխատող երիտասարդական աշխատողների համար: Ծրագիրն իրականացվել է ԵՄ բյուջետային աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական համագործակցության շրջանակում: Վերապատրաստումն իրականացնելու նպատակով հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» եռափուլ դասընթացի նպատակն էր կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք իրականացնող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։ Դասընթացին մասնակցել է շուրջ 50 մասնագետ. միջոցառման ընթացքում նրանց շնորհվել են մասնակցության հավաստագրեր:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի ինստիտուտի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է. «Եթե 10–15 տարի առաջ դեռ փորձում էինք հասկանալ, թե ինչ բնույթի ոլորտ է երիտասարդական աշխատանքը, ապա այսօր և՛ Հայաստանում, և՛ միջազգային մակարդակում ձևավորվել է բավական հստակ պատկեր։ Ուրախալի է, որ երիտասարդական աշխատողի մասնագիտական կրթական ծրագրերը, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ ուսուցման շրջանակում, տարեցտարի ընդլայնվում են։ Ամենակարևորը՝ այս մասնագիտության ճանաչումը հավաստվում է օրենքի մակարդակով․ մենք վերջապես միացանք այն երկրների շարքին, որոնք ունեն երիտասարդական քաղաքականության մասին օրենք»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ փաստելով, որ այս տարի ընդունված օրենքն ամրագրում է պետության կողմից ոլորտում կատարվող քայլերը և կարևոր սկզբունքները:

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է պետություն-համայնք-մասնավոր եռակողմ համագործակցությամբ երիտասարդական կենտրոններ հիմնելու ծրագրին և կարևորել տարբեր մարզերում հինգ բազմաֆունկցիոնալ կենտրոնների ստեղծման փորձնական նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ կենտրոններում միավորվելու են մշակույթի տան, ժամանակակից գրադարանի և երիտասարդական կենտրոնի գործառույթները՝ ձևավորելով մի տարածք, որտեղ ցանկացած ոք՝ առանց տարիքային սահմանափակման, կարող է ստանալ ծառայություններ, մասնակցել մշակութային և կրթական միջոցառումների, ունենալ որակյալ ժամանց։

«Եթե այս հինգ կենտրոնները հաջողությամբ գործեն, կարող են դառնալ շատ արդյունավետ ազգային մոդել՝ հետագայում ընդլայնման միտումով»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի հաջորդ առանցքային գաղափարը, Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ, երիտասարդական աշխատողի ինստիտուտն է։ «Մենք հատուկ շեշտադրեցինք, որպեսզի համայնքները հնարավորության դեպքում ունենան առանձնացված հաստիքներ՝ պատասխանատու երիտասարդական քաղաքականության համար։ Մեր ակնկալիքն է, որ հինգ տարվա ընթացքում բոլոր համայնքներն ունենան ոչ միայն մեկ, այլև մի քանի երիտասարդական աշխատողներ։ Դա շահեկան կլինի ինչպես երիտասարդների, այնպես էլ պետական քաղաքականության համար»,- ասել է նա՝ փաստելով, որ երիտասարդական աշխատանքը կարևորվում է նաև համայնքապետերի և ՏԻՄ ներկայացուցիչների կողմից:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև երիտասարդական կազմակերպությունների առաքելությունը՝ շեշտելով, որ դրանք պետք է իրական, շարունակական և հասանելի ծառայություններ մատուցեն երիտասարդներին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի իրականացման համար շնորհակալություն է հայտնել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ համագործակցված աշխատանքի համար։

«Դասընթացի բովանդակությունն ու մեթոդաբանությունը շարունակաբար զարգանում են. այն այլևս միայն դասախոսություն չէ, այլ իրական գործնական ուսուցում՝ այցելություններով, թիմային աշխատանքով, փորձի փոխանակմամբ։ Այս անգամ մասնակիցների շրջանակը ևս ընդլայնվել է՝ ընդգրկելով համայնքներում աշխատող մասնագետների մեծ խումբ: Դուք բոլորդ տարբեր դերակատարությամբ շատ կարևոր գործ եք կատարում։ Ժողովրդավարական երկրում չկա «ծառայություն մատուցող» և «ծառայություն ստացող» բաժանումը: Բոլոր կողմերն են ներգրավված հանրային կառավարման գործընթացում՝ ՀԿ-ները, հիմնադրամները, համայնքները, պետությունը, միջազգային կառույցները։ Սա մեր համատեղ պատասխանատվությունն է, ուստի խնդրում եմ բարձր պատասխանատվությամբ մոտենալ այս գործընթացին, որպեսզի մեր երկրում երիտասարդական կենտրոն չունեցող որևէ համայնք չլինի»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ դիմելով վերապատրաստման մասնակիցներին:

«Երիտասարդական աշխատանքի մասնագիտացումը հզոր բազմապատկող ազդեցություն է ունենում, երբ վերապատրաստված երիտասարդական աշխատողները մատուցում են ավելի արդյունավետ ծառայություններ պատանեկան ու երիտասարդական խմբերին՝ համայնքներում ստանձնելով խթանիչ դեր», - նշել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։ Նա նաև հավելել է`ՅՈւՆԻՍԵՖ-ը շարունակելու է համագործակցել ԿԳՄՍ նախարարության ու այլ գործընկերների հետ՝ կյանքի կոչելու «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքով սահմանված տեսլականը և նպաստելու դեռահասների ու երիտասարդների համար ավելի ապահով և հնարավորություններով լեցուն հարթակների ստեղծմանը:

Միջոցառման շրջանակում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը: