ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշին։ Նա Հայաստան է ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների 15-րդ ամենամյա խորհրդատվական ֆորումի, ինչպես նաև կառավարչական խորհրդի ոչ պաշտոնական նիստի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել համագործակցության և մշտական աջակցության համար՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Եվրոպայի խորհրդի «Cultural Routes» ծրագրի շրջանակում։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը երկար տարիներ հետևողականորեն աշխատում է եվրոպական մշակութային գործընթացներին ինտեգրվելու, միջազգային հարթակներում մեր երկրի դերակատարումն ու ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։

ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ կարևորել է ֆորումի անցկացումը Հայաստանում՝ այն դիտարկելով որպես կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու ՀՀ մշակութային և պատմական հարուստ ժառանգությունը՝ խթանելով մշակութային կրթությունը և միջազգային համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառումը կնպաստի Հայաստան այցելող մասնագետների, հետազոտողների և քաղաքականության մշակողների միջև համագործակցության խորացմանը՝ կարևոր դեր ունենալով մշակութային դիվանագիտության և երկրի զբոսաշրջային ներուժի առաջմղման առումով։

Ռուի Գոմեշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի նշանակալի դերը տարածաշրջանում մշակութային փոխըմբռնման և երկխոսության խթանման գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ֆորումը Հայաստանում կանցկացվի ամենաբարձր մակարդակով։

Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղարը կարևորել է նաև ֆորումի օրակարգում մշակութային կրթության բաղադրիչի ընդգծումը՝ շեշտելով, որ մշակութային ժառանգության վերաբերյալ կրթությունն առանցքային նշանակություն ունի։

Հայաստանը 2015 թվականից հանդիսանում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ։ Հայաստանն անդամակցում է «Գինու ուղիներ», «Իմպրեսիոնիզմ», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգության եվրոպական ուղի» մշակութային ուղիներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ հետագա համագործակցության և նոր մշակութային ուղիներին անդամակցության հնարավորությունները։