ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Հայաստանի հմտություններ» (WorldSkills Armenia) ազգային մրցույթի բացման արարողությանը:
«Հայաստանի հմտություններ» ազգային 9-րդ մրցույթը կանցկացվի նոյեմբերի 28-29-ին՝ «Բջջային հավելվածների պատրաստում», «Վեբ տեխնոլոգիաներ», «Թվային ինտերակտիվ մեդիա դիզայն», «Խոհարարություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» հմտությունների գծով: Երկու փուլով անցկացվող մրցույթին նախապես հայտագրվել է 91 մասնակից, որոնցից 26-ը հաղթահարել է նախնական փուլը: Մասնակիցները նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներ կամ շրջանավարտներ են, որոնք «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում հաղթող ճանաչվելու հետո հնարավորություն կունենան մասնակցելու «Աշխարհի հմտություններ» միջազգային ստուգատեսին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով մասնագիտական ուսուցման և կրթության ոլորտում գրանցված հաջողությունները:
«Մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնցում կարևորվում են նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը և գործնական կարողությունների զարգացումը: Այս համատեքստում, կարծում եմ, «Հայաստանի հմտություններ» մրցույթի կազմակերպումը կարևոր խթան է, որը ցույց է տալիս, թե մեր ուսանողների գործնական կարողությունները որքանով են զարգացած և մրցունակ՝ ըստ միջազգային չափանիշների: Յուրաքանչյուր այսպիսի գործընթացի մասնակցությունն ու փորձառությունը ավելի են կոփում ու ուժեղացնում մասնակիցներին, որոնք, վստահաբար, իրենց ոլորտի վաղվա առաջատարներն են լինելու»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ուսումնական հաստատություններին, որոնք խրախուսել են ուսանողների մասնակցությունն այս կարևոր ստուգատեսին: Նախարարի տեղակալը հաջողություն և հաղթանակներ է մաղթել մասնակիցներին՝ ընդգծելով, որ նրանց գրանցած արդյունքները հպարտության առիթ են:
Ելույթներով հանդես են եկել նաև Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն, «Աշխարհի հմտություններ» կազմակերպության Հայաստանի պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համակարգող Կարինե Սիմոնյանը, ինչպես նաև «Աշխարհի հմտություններ» կազմակերպության և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում միջազգային մրցույթների կազմակերպման առաջատար կառույցը «Աշխարհի հմտություններ» կազմակերպությունն է, որին այս պահին անդամակցում են 89 երկիր և տարածաշրջան: Հայաստանը 2012 թվականից դարձել է «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը:
Հայաստանի ազգային թիմը նախորդ տարիներին հաջող արդյունքներ է գրանցել՝ մասնակցելով տարբեր երկրներում կայացած «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթներին: