Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների Դպրոցական սննդի միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը:

Միջոցառմանը մասնակցել են «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Լեյլա Մելիուհին: ՀՀ-ն համաժողովին մասնակցել է որպես դպրոցական սննդի ամբողջական պետական մոդել, շարունակական երաշխիքներ ապահովող երկիր:

Համաժողովն իրականացվել է ՄԱԿ պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ նպատակ ունենալով ամրապնդելու համագործակցությունը և համադրելու երեխաների առողջ սննդի ապահովման երկարաժամկետ պետական քաղաքականությունները:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը հանդես է եկել հիմնական զեկույցով և շնորհանդեսներով: Նա ներկայացրել է Հայաստանում ծրագրի զարգացման ճանապարհը՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության և Սննդի ճյուղային ինստիտուտի հետ համագործակցությունից մինչև 2023 թվականին ծրագրի ամբողջական պետական ֆինանսավորումն ու ղեկավարումը:

Նրա տեղեկացմամբ՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը գործում է միասնական ճաշացուցակներով, տեխնոլոգիական քարտերով, սննդի անվտանգության խիստ ընթացակարգերով և որակի մշտական վերահսկմամբ, որն ապահովում է ծառայության որակի համաչափությունը բոլոր մարզային դպրոցներում։ Նա տեղեկացրել է՝ ՀՀ բոլոր դպրոցներում գործում են «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակներ (5–10-րդ դասարաններ), իսկ որոշ դպրոցներում՝ նաև ուսումնաարտադրական ջերմատուն, այգիներին կից գյուղատնտեսական խմբակներ, որոնք նպաստում են սննդային գրագիտության և առողջ ապրելակերպի վարքագծի ձևավորմանը։ Սաթենիկ Մկրտչյանը նաև ներկայացրել է ՊՀԾ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Կաթ դպրոցներին» նախաձեռնությունը։ Նա նշել է, որ հաջորդ ռազմավարական մարտահրավերը մայրաքաղաք Երևանի դպրոցների ներառումն է «Դպրոցական սնունդ» ծրագրում, որի ուղղությամբ ևս աշխատանքներ են ընթանում։

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ Սննդի ճյուղային ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չեռնիգովի, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուհի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցությունն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի հանդիպումը, որի ընթացքում ևս քննարկվել և ընդգծվել է Հայաստանի առաջավոր փորձը:

ԱՊՀ երկրները հաստատել են դպրոցական սննդի զարգացման շարունակական օրակարգը՝ այն դիտարկելով մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված գործիք։