2025-2026 ուստարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի համայնքապետարանների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում կգործարկվեն վաղ մանկության տարիքի խմբեր: Համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբեր ձևավորելու պահանջն ամրագրված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում:

Կարևորելով նշված տարիքային խմբի երեխաների խնամքի, ինչպես նաև զարգացման տարիքային առանձնահատկությունները՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվում են ծրագրում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, տեղակալների, բուժքույրերի, դաստիարակների և օգնականների կարողությունների զարգացման վերապատրաստումներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է վերապատրաստման ծրագրի մասնակիցներին՝ քննարկելու վաղ մանկության տարիքի խմբերի հետ աշխատանքի առանձնահատոկությունները: Նրա նշմամբ՝ նախադպրոցական կրթության ոլորտը նախարարության ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը, կրթական ծրագրերի չափորոշչի բովանդակային փոփոխությանը, մասնագիտական զարգացմանը և այլն: Նախադպրոցական կրթության համակարգում նախանշվող կարևոր ծրագրերից է նաև վաղ մանկության տարիքի խմբերի գործարկումը:

«Շուրջ մեկ տարի է՝ աշխատում ենք վաղ տարիքի երեխաներին նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկելու նախագծի շուրջ և արդեն իսկ ունենք փոփոխություններ՝ այդ տարիքի երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորությունների ապահովման ուղղությամբ: 9 մանկապարտեզում նախատեսվում է խմբերի գործարկում 12-24 ամսականների կամ 1-2 տարեկանների, իսկ Երևանի մեկ մանկապարտեզում՝ 6-12 ամսականների համար: Նախարարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում այս ծրագրի ներդրմանը, հանդիպումներ ենք ունեցել Առողջապահության նախարարության մասնագետների, ինչպես նաև մասնագիտական այլ կառույցների ներկայացուցիչների հետ՝ գնահատելու հնարավոր բոլոր ռիսկերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ հատկապես առաջին փուլում բարդություններն անխուսափելի են, ուստի նախադպրոցական մանկավարժներից և երեխաների խնամքով զբաղվող մասնագետներից մեծ պատասխանատվություն է ակնկալվում:

Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը կարևորել է վերապատրաստումների արդյունավետությունը: Նրա խոսքով՝ անելիքները շատ են, և նախադպրոցական կրթության ծրագրի այս բաղադրիչը հիմնաքարային է կրթության պետական քաղաքականության տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ծրագրի մասնակիցների հետ հանգամանորեն քննարկել է հնարավոր խնդիրներն ու լուծումները:

Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել վերապատրաստման ծրագրի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի մասնագիտական հմտությունների զարգացմանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ դասընթացի կազմակերպման և աջակցության համար:

Նշենք, որ համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբերի հիմնման ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Համաձայն ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի՝ մսուրի նշված ծառայությունների հասանելիություն պետք է ապահովվի բոլոր խոշորացված համայնքներում: