Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակների արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսում» միջոցառման շրջանակում 2025 թվականին հատկացվել է 75 մլն 486 հազար դրամ՝ 13 մշակույթի գործիչների խրախուսման համար։ Հաշի առնելով, որ հայտատուների թվում կան նաև 6 ստեղծագործական կազմակերպություններ, ծրագրով նախատեսված ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովելու համար անհրաժեշտ է 31 մլն 995 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորում։

Արվեստի ոլորտում գործող վերոնշյալ 6 կազմակերպությունները մասնակցել են ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշմամբ հաստատված միջազգային հեղինակավոր հարթակներին, մասնավորապես՝

  1. «Այսօր-Պլյուս Ֆիլմ արտադրություն» արտադրական կոոպերատիվի «Բոբո» լիամետրաժ, վավերագրական ֆիլմը մասնակցել է ՖԻԱՊՖ-ի (FIAPF) կողմից որակավորված Գոայի 55-րդ միջազգային կինոփառատոնին` «Վերականգնված դասականներ» բաժնում և Կահիրեի 45-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Կահիրեի դասականներ» բաժնում: Նույն կազմակերպության կողմից արտադրված «Դոն Կիխոտին սպասելիս» լիամետրաժ, վավերագրական ֆիլմը մասնակցել է ՖԻԱՊՖ-ի (FIAPF) կողմից որակավորված Գոայի 55-րդ միջազգային կինոփառատոնին «Համաշխարհային կինո» բաժնում:
  2. «Էդգար Բաղդասարյան ֆիլմ պրոդակշն» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը մասնակցել է ՖԻԱՊՖ-ի (FIAPF) կողմից որակավորված Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Համաշխարհային կինո» ծրագրում և Բենգալուրուի 16-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Համաշխարհային կինո» ծրագրում։
  3. «Բումերանգ մեդիա.ամ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» լիամետրաժ խաղարկային-վավերագրական ֆիլմը մասնակցել է ՖԻԱՊՖ -ի (FIAPF) կողմից որակավորված Մար դել Պլատայի 39-րդ միջազգային կինոփառատոնին՝ պաշտոնական ծրագրում հատուկ պրեմիերա, և «Համայնապատկեր. Հարգանքի տուրք Սերգեյ Փարաջանովին» բաժնում /լատինաամերիկյան պրեմիերա/:
  4. «ԱրտՍտեպ-ստուդիա» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը մասնակցել է ՖԻԱՊՖ-ի (FIAPF) կողմից որակավորված Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին «La Cinef» ծրագրում և արժանացել է երրորդ մրցանակի:
  5. «Միհր ստեղծագործողների միություն» ՀԿ-ի «ՄԻՀՐ» թատերախումբը «Պանդխտության երգը» ժամանակակից պարային ներկայացմամբ մասնակցել է «Ավինյոն» միջազգային թատերական փառատոնին:
  6. «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն «Ստեղծարար դրախտ. զորացնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին» ծրագրով մասնակցել է «Եվրոպա Նոստրա» համաեվրոպական կազմակերպության մրցանակաբաշխությանը և հաղթող է ճանաչվել մշակութային ժառանգության պահպանման անվանակարգում:

Կառավարության նույն որոշմամբ նախատեսվում է նաև լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագրի» իրականացման նպատակով։ Ըստ այդմ` թատրոնին ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում կտրվի 258 մլն 743 հազար դրամ ֆինանսավորում, որից 200 մլն դրամը ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 869-Ն որոշմամբ արդեն հատկացվել է։ Մնացած 58 մլն 743 հազար դրամը կհատկացվի վերաբաշխման արդյունքում: