ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի վերլուծության և համագործակցության վարչության պետ Մագնուս Կիրխհոֆը:
Հուշագրով սահմանվում են Հայաստանում «ԱրտՆեքսուս» ծրագրի իրականացման շրջանակում ԿԳՄՍ նախարարության և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի համագործակցության պայմանները:
Ամրագրվում է, որ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը՝ Sida-ն, աջակցում է «ԱրտՆեքսուս» ծրագրին՝ հանդես գալով որպես համագործակցային և ֆինանսական գործընկեր։
«ԱրտՆեքսուս»-ը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության ծրագիր է, որը նպատակ ունի խթանել Հայաստան- Շվեդիա երկկողմ կապերը արվեստի և մշակույթի ոլորտում։
Ծրագրի նպատակն է տրամադրել փորձագիտական աջակցություն, նպաստել կարողությունների զարգացմանը և խթանել երկխոսությունը հայկական արվեստի և մշակույթի գործիչների ու պետական դերակատարների միջև։
Այն ուղղված է աջակցելու Հայաստանում արվեստի և մշակույթի գործիչներին, ինչպես նաև պետական դերակատարներին՝ խթանելով Հայաստանի և Շվեդիայի միջև փոխանակման ծրագրեր։