ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հենք» կրթական ՀԿ-ն իրականացրել է «Կրթությունը մշակույթ է» հեռուստանախագիծը, որի ամփոփիչ ցուցադրությունը տեղի է ունեցել Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում»:
Ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ կարևորելով մրցույթի վերջին փուլը «Փոքր թատրոնում» անցկացնելու հանգամանքը։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ ընդգծելով մարզերի ընդգրկվածությունը. «Արվեստի դպրոցները մեր մշակութային զարկերակներն են։ Պետական քաղաքականության առանցքում է մշակույթի ապակենտրոնացումը, այն է` համաչափ զարգացումը Երևանի սահմաններից դուրս։ Այսօրինակ միջոցառումները հաստատում են հետևյալ կարևոր ուղերձը՝ Հայաստանում յուրաքանչյուր արժեքավոր գաղափար և նախաձեռնություն հնարավոր է իրագործել, եթե միասնաբար շատ աշխատենք։ Պետությունը մշտապես հաստատակամ է՝ աջակցելու լավ գաղափարների իրագործմանը»։
Կրթամշակութային հեռուստանախագիծը նպատակ ունի հանրահռչակել մշակութային կրթության ոլորտը, հանրության կայն շերտերին ներկայացնել նախարարության աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի արդյունքները, ոլորտի առկա ձեռքբերումները, ավանդույթները: Այն միտված է պատանիների շրջանում արվեստի տարբեր ուղղությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, հաստատություններում շահառուների թվի ավելացմանը, ինչպես նաև մշակութային կրթության կարևորությանը:
«Կրթությունը մշակույթ է» կրթամշակութային հեռուստանախագծի շրջանակում նկարահանվել է չորս հեռուստահաղորդում՝ մշակութային կրթության ոլորտում գործող հաստատությունների, իրականացվող կարևորագույն իրադարձությունների, նպատակային ծրագրերի, հոբելյանական միջոցառումների, ոլորտային ձեռքբերումների վերաբերյալ։
Հեռուստանախագծում անդրադարձ է կատարվել Գյումրիի պատմական կենտրոնում արդեն շուրջ 100 տարի գործունեություն ծավալող Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցին, Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցին, Վաղարշապատի համայնքապետարանի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցին, ինչպես նաև ամփոփ հեռուստահաղորդում՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի գործունեությանը։
«Կրթությունը մշակույթ է» կրթամշակութային հեռուստանախագիծը հեռարձակվել է «Շողակաթ» հեռուստաընկերությամբ և համացանցով: