ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Փառատոնն անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսի ներքո։

Փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Շարունակական աշխատանքի միջոցով մասնագետները զարգացնում և կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը: Փառատոնը հնարավորություն է ընձեռում ներկայացնել առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների և պատանիների աշխատանքները` բացահայտելով նրանց կարողությունները, երաժշտարվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդես գալով կողք կողքի՝ մեկ հարթակում։

Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 600 երեխաներ և պատանիներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից և այլ երկրներից։

Փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումները բազմաթիվ և բազմաբնույթ են:

Նոյեմբերի 30-ին փառատոնը կմեկնարկի առցանց սեմինարների շարքով. հանդես կգան արտերկրի մասնագետներ Ալինա Սարգսյանը (ՌԴ, մանկավարժ, հոգեբան, երաժշտական թերապիայի մասնագետ, միջազգային համաժողովների բանախոս), Վիվիեն Չանը (Հոնկոնգ, երաժշտական թերապիայի և երաժշտական հոգեթերապիայի մասնագետ, Բոնիի մեթոդի որակավորված մասնագետ), Նանոր Շահինը (ԱՄՆ, վարքային վերլուծաբան, մագիստրոս, M2N Behavioral Health Services, Quality Assurance կլինիկական տնօրեն, BCBA կլինիկայի գործադիր տնօրեն): Նրանք կանցկացեն վարպետության դասեր ներառական կրթության և մշակույթի ոլորտների հայաստանյան մասնագետների համար: Ոլորտի հեղինակավոր մասնագետները կկիսվեն իրենց փորձով, կքննարկվեն ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերներն ու արդի միտումները:

Դեկտեմբեր 1-ին՝ ժամը 16։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փառատոնի մասնակիցները հանդես կգան երաժշտական կատարումներով՝ «Իմ մեծ բեմը» խորագրի ներքո:

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black Box) երեխաները և պատանիները հանդես կգան պարային կատարումներով և թատերական ներկայացումով:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի գալա համերգը: Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ փառատոնի մասնակիցներն անվանի երգիչների և երաժիշտների հետ հանդես կգան կատարումներով:

Գալա համերգի մեկնարկից առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում կբացվի ՀՀ զարգացման տարբեր կենտրոնների սաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:

Փառատոնի հովանավորն է «Իմ քայլը» հիմնադրամը: