Հարգելի՛ գործընկերներ,
Հարգարժա՛ն պարոն Տիենդրեբեոգո,
Հարգարժա՛ն պարոնայք դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ողջունում եմ ձեզ՝ «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովին՝ նվիրված ՅՈւՆԵՍԿՕ-ի 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։ Կարևորելով կոնվենցիայի նշանակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ սերտ համագործակցությամբ, ձեռնամուխ են եղել այս համաժողովի կազմակերպմանը։ Ուզում եմ նախևառաջ նշել, որ Հայաստանը կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը բոլոր ձևաչափերով՝ ոչ միայն ներառելով հայկական մշակութային ժառանգությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութական և ոչ նյութական ցուցակներում, «Աշխարհի հիշողություն» ծրագրում, այլև հոբելյանական տարեթվերի ցանկում: Այս իմաստով կցանկանայի առանձնակի շեշտադրել Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացված հոբելյանական երկու կարևոր միջոցառումներ. 2024 թվականին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին և 2025 թվականին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին:
2019, 2020 և 2023 թվականներին Հայաստանը հայտեր է գրանցել «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները», «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» և «Գյումրիի դարբնության ավանդույթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու համար: Ի դեպ, մեր համաժողովի շրջանակում նախատեսվում է «Գյումրիի դարբնության ավանդույթը» նամականիշի մարումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից ընդգրկված են 7 հայտեր, որոնցից 2-ի՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» հայտերն ընդգրկվել են 2025 թվականին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում 2023 թվականին ներառվել է Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն և 2025 թվականին՝ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» («Դատաստանագիրք հայոց») աշխատությունը:
ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կոնֆերանսներ կազմակերպելու համատեքստում ևս կրում է շարունակական բնույթ և ունի իր պատմությունը: Դրա վկայությունն են 2009, 2012 և 2015 թվականներին կազմակերպված տարածաշրջանային նախորդ համաժողովները։
Մեզ համար մեծ պատիվ է և, իհարկե, պատասխանատվություն, որ Հայաստանն ընտրվել է Կոնվենցիայի կիրարկումն ապահովող բյուրոյի փոխնախագահ և Կոնվենցիայի կոմիտեի անդամ՝ 2025-2029 թվականների համար։
Մեր երկրի համար մեծ պատիվ է կազմակերպել այս կարևոր միջազգային իրադարձությունը Երևանում, որտեղ մշակույթը և արվեստը բոլոր ժամանակներում հանդիսացել են ոգեշնչման և ուժի աղբյուր։
Մենք համոզված ենք՝ հոբելյանական այս տարեթվի նշումը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում՝ բարձրացնելու 2005 թվականի Կոնվենցիայի և դրա կյանքի կոչման շնորհիվ գրանցված առաջընթացի մասին լայն լսարանների իրազեկման մակարդակը:
2005 թվականի ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիան դարձել է միջազգային մշակութային համագործակցության առանցքային փաստաթղթերից: Հայաստանը հպարտությամբ է նշում, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է Կոնվենցիայի դրույթների կիրարկման գործին: Մենք ներդնում ենք ծրագրեր, որոնք ուղղված են ստեղծարար արդյունաբերությունների ու մշակութային ձեռնարկատիրությունների զարգացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ու մշակութային կյանքին ներառականության ընդգրկվածությանը: Օրինակ՝ «Կողք կողքի» ներառական փառատոնը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները, իսկ Կառավարության աջակցության շնորհիվ մշակութային ծրագրերը հասանելի են նաև առավել խոցելի խմբերին:
«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծը ներառվել է 2024 թվականի ՅՈւՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի ցանկում: «My way» նախագիծը միտված է խթանելու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց արհեստագործական արտադրության հմտությունները: «My way»-ի շրջանակում ստեղծվելու է միջազգային առցանց շուկա մուտք գործելու մասնագիտական վեբկայք՝ նախատեսված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց և արտադրության մեջ ներգրավված հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված մշակութային բարիքների առաջմղման համար։ Նախագծի տևողությունը 17 ամիս է։
Առանձնահատուկ ուշադրություն հատկացվում է անկախ արվեստագետների համար պայմանների ստեղծմանը, երիտասարդների աջակցմանը, մարզային նախաձեռնությունների զարգացմանն ու ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանը: 2019 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, որոնց շնորհիվ տարեկան ավելի քան 60 կազմակերպություններ և 400 արվեստագետներ կարող են ներկայացնել իրենց ստեղծարար նախագծերը՝ երաժշտական, թատերական, գրական, այդ թվում՝ միջազգային մշակութային միջոցառումների շրջանակներում:
Քաղաքացիական հասարակության, անկախ կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների և միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը նպաստում է մշակույթների միջև կենդանի երկխոսության զարգացմանը, մասնակցության նոր ձևերի ստեղծմանը և մշակութային փոխանակման նոր հորիզոնների ընդլայնմանը:
Երբ մենք խոսում ենք մշակութային բազմազանության ձևերի պահպանման և զարգացման մասին, մենք պետք է հիշենք, որ այդ ամենը հնարավոր է կյանքի կոչել այդ ձևերը կրող մարդկանց, ժողովուրդների և համայնքների օգնությամբ: Մենք պետք է անենք հնարավոր ամենը, նրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և մշակութային բազմազանությունը պահպանելու համար:
Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմականորեն յուրատեսակ խաչմերուկ է հանդիսացել հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք մշակութային, տնտեսական և քաղաքական ուղիների համար: Եվ այսօր էլ մենք ջանք չենք խնայում՝ լինելու խաչմերուկ ոչ միայն մեր աշխարհագրական դիրքով պայմանավորված: Դրա վառ ապացույցն է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, մեր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության, սեփական տարածքներով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ձևավորում է տարածաշրջանային նոր մտածողություն: Այս նախաձեռնությունն ունի լիարժեք ներուժ՝ վերածվելու մշակութային խաչմերուկի: Խաչմերուկ, որտեղ հատվում են ոչ միայն ճանապարհները, այլև մարդկային կապերը և գաղափարները՝ բացելով դռներ դեպի խաղաղ ու կայուն ապագա մեր տարածաշրջանի և ողջ աշխարհի համար, առհասարակ:
Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ գլոբալ ճգնաժամերից մինչև մշակութային ժառանգության կորուստ, մենք պետք է գիտակցենք, որ հենց մշակույթն է միավորում մարդկանց և ներշնչում արարման: Ահա սա է 2005 թվականի Կոնվենցիայի իրական էությունն ու ոգին:
Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ՅՈւՆԵՍԿՕ-ին, բոլոր մասնակից պետություններին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց ջանքերով և նվիրվածությամբ հնարավոր են դարձնում Կոնվենցիայի նպատակների կյանքի կոչումն ու առաջմղումը:
Համոզված եմ, որ Երևանի համաժողովը հիանալի հարթակ կդառնա միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, ժողովուրդների միջև երկխոսության ամրապնդմանը և մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պահպանմանն ուղղված փորձի փոխանակման և նոր գաղափարների ստեղծման համար:
Բարի գալուստ Հայաստան՝ հնագույն մշակույթի և հյուրընկալության երկիր։ Կցանկանայի, որ այս հոբելյանական տարին ազդարարեր մեր համատեղ ճանապարհի նոր փուլի մեկնարկը՝ հանուն մշակույթի, հանուն մարդկության, հանուն ապագայի և հանուն խաղաղության։
Շնորհակալություն ուշադրության համար և բարի երթ համաժողովին։