ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է 2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը: Այն նպատակ ունի խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:
Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համադրմամբ։
Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կձևավորվի մինչև դեկտեմբերի 10-ը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հավաքականներում ընդգրկված մարզիկները և մարզիչները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով՝
- Մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 18-ը ներառյալ նախարարությունը հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի մասնակից մարզիկների և մարզիչների անվանացանկերը (Օլիմպիական և ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական, ինչպես նաև պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերից), որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ՝ Օլիմպիական, Պարալիմպիկ, Սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, Եվրոպական խաղերում, Շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ունիվերսիադայում, ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական մարզաձևերից՝ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են թիմային հաջողություններ:
- Անվանացանկերում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկները, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են ՀՀ հանրահռչակմանը և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
- Անվանացանկերում ընդգրկված են այն մարզիչները՝ գլխավոր, ավագ, երկրորդ և անձնական, որոնց սաները տվյալ տարում ունեցել են առավելագույն նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ:
Հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների լրիվ ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝
- լավագույն 3 մարզիկներ,
- լավագույն կին մարզիկ,
- հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,
- լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),
- լավագույն երիտասարդ մարզիկ,
- վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,
- Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,
- լավագույն մարզիչ,
- հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):
Ըստ յուրաքանչյուր անվանակարգի՝ նախարարությունը հանձնաժողովին պետք է ներկայացնի մեկ անվանացանկ: Մրցույթի մասնակիցների անվանացանկերը ստանալուց հետո հանձնաժողովը ստուգում է անվանացանկերում ընդգրկված անձանց համապատասխանությունը տվյալ անվանակարգերին: Ստուգված անվանացանկերը հանձնաժողովը տրամադրում է նախարարությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ:
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով:
Լրագրողների հավատարմագրման և մրցույթի անցկացման ժամկետների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: