ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացրել է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երաժշտական և արվեստի դպրոցների դասատուների ներառական դասավանդման հմտությունները, բարելավել կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների հետ արդյունավետ աշխատելու մասնագիտական ունակությունը՝ խթանելով հավասար պայմաններում կրթության իրավունքը։
Նախաձեռնությունը կարևոր և առաջնահերթ քայլ է մշակութային կրթության ոլորտում՝ արվեստի միջոցով բոլոր երեխաներին հավասար հնարավորություններ ընձեռելու և կրթության ներառականությունը խթանելու նպատակով:
2025 թ. ծրագրում ներառված են երեք միջազգային և վեց հայաստանյան բանախոսների մասնակցությամբ դասընթացներ, որոնք զգալիորեն նպաստել են ծրագրի արդյունավետ իրականացմանը։
Դասընթացների բովանդակությունը ներառում է տեսական և գործնական պարապմունքներ, որոնք ընդգրկում են ներառական կրթության մեթոդաբանության, միջավայրի հարմարեցման մեխանիզմների, մանկավարժական էթիկայի և այլ հիմնարար թեմաներ։
Ծրագիրն իրականացվել է Երևանում և 7 մարզում՝ Արարատում, Գեղարքունիքում, Տավուշում, Կոտայքում, Արմավիրում, Շիրակում և Արագածոտնում՝ ապահովելով լայն աշխարհագրություն։ Ընդհանուր առմամբ՝ դասընթացներին մասնակցել է 83 ուսումնական հաստատության 308 մանկավարժ։
Ծրագրին մասնակցած մանկավարժները դասընթացների ավարտից հետո սկսել են գործնականում կիրառել նոր գիտելիքները՝ աշխատելով հատուկ կարիքով երեխաների հետ։