ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը: Արձանագրությանը կից ներկայացվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի կանոնադրության փոփոխության նախագիծը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ դեռևս 2007 թ. Հայաստանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ այլ երկրները ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը 2012 թ. արձանագրությամբ ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրած 7 երկրից 5-ը՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, արդեն վավերացրել են նոր արձանագրությունը: Գործընթացն ավարտին հասցնելու նպատակով փաստաթուղթը պետք է վավերացվի նաև ՀՀ կողմից:

«2012 թ. արձանագրությամբ մի շարք փոփոխություններ են կատարվել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի կանոնադրության առաջին և չորրորդ բաժիններում, ինչպես նաև ավելացվել է հինգերորդ բաժինը, որը վերաբերում է այս մարմնի կողմից ֆինանսավորման տրամադրմանը՝ տվյալ մարմնին արդյունավետ մասնակցության շրջանակում»,- անդրադառնալով արձանագրության վավերացման անհրաժեշտությանն ու առաջարկվող փոփոխություններին՝ նշել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ընդհանուր առմամբ փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի կազմի ձևավորումը, անդամների փոխարինելիությունը, ձայների բաշխման կարգը, նախագահի լիազորությունների ժամկետը, քարտուղարության դերը և լիազորությունները, դիտորդության կարգավիճակը և այլն:

Հիմնական փոփոխությունները վերաբերում են նաև խորհրդի լիազորությունների հստակեցմանը, ինչպես նաև խորհրդի նիստերի կազմակերպման և ֆինանսավորման կարգի հաստատմանը։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցությունն այժմ էլ ընթանում է, իսկ առաջարկվող արձանագրության վավերացմամբ գործընթացը կբարելավվի:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: