ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ Փարպիի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցի, Բյուրականի 10-րդ դարի Սբ. Հովհաննես եկեղեցի, Ամբերդ ամրոցի համալիր, Ագարակի հնավայր՝ տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին:

Մշտադիտարկմանը ներկա են եղել կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Փարպիի Ծիրանավոր եկեղեցու տարածքում աշխատակիցները ծանոթացել են պատերի սրսկման, աստիճանների և տարածքի բարեկարգման աշխատանքներին՝ կատարելով մի շարք դիտարկումներ: Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցու տարածքում նախարարության ներկայացուցիչները հետևել են հարավային շքամուտքի դետալների պատրաստման, Ագարակի հնավայրում՝ ծածկի նորոգման աշխատանքներին: Ամբերդ ամրոցի տարածքում մասնագետները դիտարկել են հուշարձանի վերականգնման լայնածավալ աշխատանքները, ծանոթացել նոր հայտնաբերված հնագիտական առարկաներին: Ամբերդի հնագիտական պեղումների ընթացքում բացվել են նոր շերտեր, մասնագետները քննարկել են դրանց հետագա պահպանման հարցերն ու անվտանգության ապահովմամբ՝ նոր շերտերի բացման հնարավորությունները: