ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում մեկնարկել են ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, անվանի ջութակահարուհի Ելենա Ռևիչի վարպետության դասերը։

Դասերին մասնակցում են մասնագիտական լսումների արդյունքում ընտրված հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների շնորհալի պատանի ջութակահարները։

Երևան հրավիրված մասնագետը 4 օր շարունակ իր փորձով և գիտելիքով կկիսվի պատանի ջութակահարների հետ: Վարպետության դասերը կեզրափակվեն նոյեմբերի 28-ին՝ ծրագրի մասնակիցների գալա համերգով:

Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան):

Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին մասնակցության ապահովումը: