ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Անահիտ» պարային դրամա-ներկայացումը:

Ներկայացմանը հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախագիծը միավորում է ազգային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ ստեղծելով մշակույթի արժևորման և տարածման բացառիկ հարթակ:

Ներկայացման առանցքում հայկական մշակույթի տարածումն ու միջազգային ճանաչումն է՝ հայ կնոջ ուժեղ, ազդեցիկ և ոգեշնչող կերպարի ընդգծմամբ։ Այն հնարավորություն է տալիս վերաիմաստավորել հայ կնոջ կերպարը արվեստի միջոցով՝ նաև որպես կրթական բաղադրիչ երեխաների և երիտասարդների համար:

Ներկայացման բեմադրողներն են ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը և Հովհաննես Սարգսյանը, ռեժիսորը՝ Սուրեն Շահվերդյանը, երաժշտության հեղինակները՝ Արա Թորոսյանը և Կարեն Անանյանը, պրոդյուսերը՝ Հովհաննես Պողոսյանը, զգեստները՝ Լիլիթ Մելիքյանի և Արայիկ Գաբաջյանի։