«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության օրենսդրական նոր նախաձեռնության մանրամասները:
Կարգավորմամբ ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչև 2003 թվականի շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում ներառվել ուսումնառության պրոցեսներում և ստանալ պետական նմուշի ավարտական փաստաթուղթ։ Փոփոխությունն իրականացվել է ԿԳՄՍ նախարարի հաստատած՝ բուհերում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման գործող կարգում։
Ընդհանուր նկարագրություն
Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ նախկին իրավակարգավորումները թույլ չէին տալիս ոչ պետական նմուշի ավարտական փաստաթուղթ ունեցող անձանց վերականգնումը, ինչպես նաև ուսումնառության շարունակությունը հավատարմագրված բուհերում․ «Փոփոխության արդյունքում գործող կարգում բացառություն է չհավատարմագրված ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար, որոնք կարող են վերականգնել իրենց ուսանողական իրավունքները, ուսումնառել պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհերում և ստանալ ավարտական փաստաթուղթ»։
ԲԿԳԿ ծրագրերի իրականացման վարչության պետը հիշեցրել է, որ վերականգնումը թույլատրվում է միայն ավարտական փաստաթղթի և հավելվածի բնօրինակի ներկայացման դեպքում։ Շրջանավարտը վերականգնվում է իր մասնագիտությամբ կամ, վերջինիս բացակայության դեպքում, հարակից մասնագիտությամբ՝ իր ավարտած բուհում (եթե ներկայում այն ունի հավատարմագրում) կամ այլ հավատարմագրված բուհում։ Վերականգնումն իրականացվում է հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով՝ բացառությամբ վերջին կուրսի։
Ինչո՞վ է պայմանավորված շահառուների սահմանված շրջանակը
Լուսինե Գրիգորյանը պարզաբանել է՝ նոր կարգավորման շահառուներ են սահմանվել մինչև 2003 թվականի շրջանավարտները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1999 թ.–ին է ուժի մեջ մտել «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որում հստակ սահմանվել է բուհերի՝ պետական հավատարմագրում անցնելու դրույթը, որը իրավունք կընձեռեր շնորհելու պետական նմուշի փաստաթուղթ։
Միաժամանակ, նույն օրենքում ամրագրվել էր իրավադրույթ, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը համարվում է միայն հավատարմագրում ունեցող բուհերի կողմից շնորհված պետական նմուշի ավարտական փաստաթուղթը։
1999 թ.-ին օրենքի ընդունմանը հետևել են նաև մի շարք ենթաօրենսդրական ակտեր, այդ թվում` հավատարմագրման և լիցենզավորման նոր կարգերը, որոնք, սակայն, գործարկվել են 2001-2002թթ.-ից սկսած, ինչը ենթադրում է, որ 2003թ.–ից հետո բուհերը պետք է արդեն իսկ անցած լինեին հավատարմագրման գործընթաց՝ համաձայն այն ժամանակ գործող օրենսդրության։
«Այսպիսով, կարգավորումը կկիրառվի ընդհուպ մինչև 1999-2000 ուսումնական տարում բուհ ընդունված անձանց նկատմամբ, քանի որ 1999 թվականի մայիսից է «Կրթության մասին» օրենքն ուժի մեջ մտել»,- պարզաբանել է Լուսինե Գրիգորյանը։
Որքա՞ն է կարգավորման շահառուների նախնական շրջանակը
Լուսինե Գրիգորյանի հավաստմամբ՝ ստացված դիմումների և հավաքագրված տեղեկատվության հիման վրա, հնարավոր է ենթադրել, որ նոր կարգավորումից կկարողանա օգտվել ոչ պետական չհավատարմագրված բուհերի շուրջ 500 շրջանավարտ։ Նախնական գնահատմամբ՝ հնարավոր դիմորդների մեծամասնությունը ուսումնառել է «Իրավագիտություն», «Տնտեսագիտություն», «Հոգեբանություն» և այլ հասարակագիտական մասնագիտություններով։
Լուսինե Գրիգորյանը հավելել է, որ կարգավորումը չի տարածվի 2003թ․-ից հետո ոչ պետական բուհերի չհատարմագրված կրթական ծրագրերի շրջանավատների վրա՝ հաշվի առնելով, որ 2003թ․-ից ի վեր Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բուհերը պարտավոր էին հավատարմագրվել և իրավունք ստանալ շնորհելու պետական նմուշի ավարտական փաստաթղթեր։
Ինչպիսի՞ն են վերականգնման ընթացակարգը և ժամկետները
Կարգի շահառուները կարող են դիմել համապատասխան բուհերին և ընդունող բուհերի սահմանած ժամանակացույցով ներգրավվել ուսումնական գործընթացի մեջ և ստանալ պետական նմուշի ավարտական փաստաթուղթ։
Լուսինե Գրիգորյանը նշել է, որ վերականգնման ժամկետները կարգավորվում են կարգի ընդհանուր դրույթներով, մասնավորապես՝ հեռակա ուսուցմամբ վերականգնման ժամկետը յուրաքանչյուր կիսամյակի պարապմունքները սկսվելուց 3 շաբաթ առաջ ընկած ժամանակահատվածն է․ «Հաշվի առնելով, որ բուհերում հեռակա ուսուցման սկիզբը կամ կրթական ծրագրի ժամկետները տարբեր են՝ նոյեմբերից դեկտեմբերի ընթացքում, լրացուցիչ պարզաբանումների համար շրջանավարտը կարող է դիմել տվյալ ուսումնական հաստատություն։ Այն պարագայում, եթե շրջանավարտները չեն հասցրել ընդգրկվել 1-ին կիսամյակի պարապմունքներին, նրանք կարող են դիմել 2-րդ կիսամյակի դասապրոցեսին ընդգրկվելու համար՝ հստակ տեղեկանալով իրենց նախընտրած բուհում հեռակա ուսումնառության ժամկետների մասին և 3 շաբաթ առաջ դիմելու տվյալ հաստատությանը»։
Լուսինե Գրիգորյանը հավելել է, որ նշված իրավակարգավորումը փոխկապակցված է ոլորտը կարգավորող հին օրենսդրության հետ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով նախատեսված են ուսանողների վերականգնման և ազատման այլ իրավահարաբերություններ։ Նոր օրենքով սահմանված են անցումային դրույթներ, թե մինչև երբ գործելու են հին օրենքի հիման վրա ընդունված կարգերը, այդ թվում՝ այս կարգը․ վերջինս կկիրառվի մինչև 2027 թվականի ավարտը»:
Նոր կարգավորումներով որոշակի բացառություններ են կատարվել նաև շրջանավարտների ուսումնառության գործընթացի կազմակերպման հարցում։ Եթե գործող կարգավորումներով նախատեսված էին առարկայական տարբերությունների նվազագույն քանակ և ժամկետներ (հիմնականում մինչև տվյալ կիսամյակի ավարտ), ապա ոչ պետական բուհերի շրջանավարտների համար սահմանվել է առանձնահատուկ կարգավորում։ Այն է՝ ընդունող բուհերը, համադրելով գործող կրթական ծրագիրը շրջանավարտի ուսումնառած կրթական ծրագրին, կարող են սահմանել անհատական ժամանակացույց և առանցքային առարկայական տարբերությունների հանձնման համար:
«Եթե սովորական պայմաններում առարկայական տարբերությունները պետք է հանձնվեին մինչև ավարտական կուրսի սկիզբը, ապա այս պարագայում թույլատրվում է որոշակի ժամկետի երկարացում, նույնիսկ մինչև ավարտական կուրսի ավարտը` զուգահեռ սովորելու և նախապատրաստվելու ամփոփիչ աշխատանքին»,- պարզաբանել է Լուսինե Գրիգորյանը։
Ինչո՞ւ հնարավոր չէ վերականգնել ուսումը ավարտական կուրսում
Լուսինե Գրիգորյանի խոսքերով՝ այս կարգավորումը ինքնանպատակ չէ․ այն ևս բխում է կրթության որակի, նաև տվյալ ավարտական փաստաթղթով մասնագիտությանը ներկայացվող վերջնարդյունքներն ապահովելու նպատակից։ «Յուրաքանչյուր կրթական ծրագիր ունի վերջնարդյունք, և այդ վերջնարդյունքին հասնելու համար կան առարկայական մոդուլներ, որոնք առանցքային են, և դրանք հաղթահարելու դեպքում արդեն շրջանավարտը կարող է հավակնել տվյալ մասնագիտությանը կամ այն որակավորմանը, որն իրեն շնորհվում է,- նշել է Լուսինե Գրիգորյանը և հավելել,-եթե մինչև 2017թ.-ը շրջանավարտները բակալավրի կրթական աստիճանում կարող էին ավարտական փաստաթուղթ ստանալ 2 եղանակով` կա՛մ ավարտական ամփոփիչ քննություններ հանձնելով, կա՛մ ամփոփիչ աշխատանք գրելով, ապա 2017–ից սկսած՝ ավարտական փաստաթղթի կարող են հավակնել միայն այն ուսանողները, որոնք հաջողությամբ պաշտպանում են ավարտական աշխատանք»։
Հետևաբար, ավարտական կուրսում վերականգնվելն արգելող դրույթով ուսանողին տրամադրվում է ողջամիտ ժամկետ, որպեսզի նա կարողանա յուրացնել առանցքային առարկաները և ժամանակ տրամադրել ավարտական աշխատանքն ավարտին հասցնելու և հաջողությամբ պաշտպանելու համար։
Ինչպե՞ս գտնել տեղեկություն բուհի հավատարմագրման մասին
Լուսինե Գրիգորյանը մանրամասնել է՝ համապատասխան տեղեկությունը հասանելի է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնական կայքերում։ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կայքում էլ զետեղված է հավատարմագրման գրանցամատյանը, որով ստուգվում են արդեն 2015թ.–ից ի վեր ստացած ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման մասին դրույթները։