Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։
Միջոցառմանը ներկա են եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Նախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։
«Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։ Առաջնային խնդիրներից է՝ ինչպես պետք է կրթական ծրագրերը վերափոխենք, որպեսզի այն մասնագետները, որոնք պատրաստվում են Բրյուսովի անվան պետական համալսարանում, շարունակեն լինել մրցունակ։ Հուսով եմ՝ 90-ամյա պատմությունը մեզ տալու է բավարար իմաստություն և փորձը՝ ընդառաջ գնալու փոփոխություններին։ Այդ հնարավորությունը տալիս է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որը բուհերի զարագացման համար նոր պայմաններ է ստեղծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նա հույս է հայտնել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը լավագույնս կկիրառի օրենքի ընձեռած հնարավորությունները՝ այն դարձնելով իր գործունեության ամենակարևոր ուղեցույցը։ Նախարարը հավաստիացրել է՝ բոլոր փոփոխությունների ու նախաձեռնությունների ճանապարհին ԿԳՄՍ նախարարությունը լինելու է բուհի կողքին։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և բուհի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը:
Հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես է եկել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը․ հնչել են Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Կոմիտասի ստեղծագործություններից հատվածներ: