Նոյեմբերի 27-28-ը Երևանում կանցկացվի «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովը` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին:

Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն ավելի քան մեկ տասնյակ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈւՆԵՍԿՕ-ից և այլ միջազգային կազմակերպություններից:

Համաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Բացման արարողությանը կհաջորդի պլենար նիստ՝ «Մշակութային արժեքների ձևերի պահպանման և խրախուսման մասին ՅՈւՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիա․ 20 տարվա ձեռքբերումները և հեռանկարները» թեմայով: Տեղի կունենան նաև պլենար քննարկումներ ստեղծարար արդյունաբերության, թվային դարում մշակութային ինքնարտահայտման բազմազանության և այլ թեմաներով:

Համաժողովի շրջանակում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի միջև։ Տեղի կունենան նաև «Գյումրու դարբնության ավանդույթը» նամականիշի մարում, ինչպես նաև կանցկացվի «Տերյան» մշակութային կենտրոնի «My way» ցուցադրությունը: