ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի ֆրանսիական ինստիտուտում ներկա է եղել «Գաղափարների գիշեր-2025» ամենամյա միջոցառմանը, որն այս տարի կրում է «Գործելու կարողություն» խորագիրը:
Միջոցառումը նախատեսված է պետական կառույցների, երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ քննարկելու, թե ինչպես կարելի է պատմամշակութային ժառանգությունը թվային տեխնոլոգիաների միջոցով դարձնել կենդանի, մատչելի և հասանելի։
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է՝ «Գիտությունների գիշեր-2025» նախաձեռնությունը տարիներ շարունակ միավորում է գիտելիք կրողներին, փոխանցողներին և նորարարությանը հավատացող հանրությանը: «Թվային տեխնոլոգիաների դարաշրջանը փոխում է մեր վերաբերմունքն ու մոտեցումը պատմամշակութային ժառանգության հանդեպ։ Այն, ինչը երբևէ պահպանվում էր միայն թանգարաններում և գրադարաններում, դառնում է կենդանի և հասանելի յուրաքանչյուրին: Մեր օրերում գործելու կարողությունը նշանակում է՝ ընդունել նոր տեխնոլոգիաների գերակայությունը, ձևավորել համատեղ պատասխանատվություն և ստեղծել մի միջավայր, որտեղ անցյալը, ներկան և ապագան միանում են «կենդանի մշակույթի» մեջ։ Համոզված եմ՝ այսօրվա քննարկումները և կարծիքները կնպաստեն ոչ միայն մասնագիտական երկխոսության կայացմանը, այլև նոր համագործակցությունների, փորձի փոխանակումների աշխուժացմանը Հայաստանում»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին ու միջազգային գործընկերներին:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ ընդգծելով միջոցառման դերը կարևոր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու տեսանկյունից:
Հաջորդիվ անցկացվել են քննարկումներ՝ «Թվայնացնել պատմամշակութային ժառանգությունը՝ սերունդներին ավելի արդյունավետ փոխանցելու համար․ հաղորդակցության և հասանելիության մարտահրավերները», «Թվայնացումը և արհեստական բանականությունը՝ ի սպաս գրավոր ժառանգության պահպանման, հասանելիության ապահովման և հանրահռչակման», «Թվայնացված ժառանգությունը՝ որպես գիտական հետազոտությունների ռեսուրս» թեմաներով:
Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև
Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի կողմից ստեղծված «Սկանավորված մշակութային ժառանգություն» ցուցադրությունը,
ԹՈՒՄՈ կենտրոնի և Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի կողմից կազմակերպված վիրտուալ իրականության աշխատարանը:
Նշենք, որ «Գաղափարների գիշեր-2025» միջոցառումը կայացել է Ֆրանսիական ինստիտուտի և SIREH հիմնադրամի համագործակցությամբ: