ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են «Վանաձորի ՀԹումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, տեղեկացրել է՝ ռեկտորի ընտրությունը կատարվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նախորդ օրենքի շրջանակում:

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 7-ին. հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ծատուրյանն ընտրվել է ռեկտոր՝ 5 տարի ժամկետով: Նա երկար տարիներ եղել է Վանաձորի բնագիտամաթեմատիկական դպրոցի տնօրենը։

Արմեն Ծատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ ներդնելու է բոլոր ջանքերը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատանքները լավարկելու համար՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթության որակին և վերջնարդյունքին՝ բարձրագույն կրթության բարեփոխումների օրակարգին համահունչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ռեկտորին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք։