ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ կազմակերպվող Հայ արվեստի և մշակույթի երկօրյա համաժողովի բացմանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, մշակույթի գործիչներ Հայաստանից և սփյուռքից:
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ֆորումը հայ արվեստի և մշակույթի զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ «Հայ մշակույթն ու արվեստը համաշխարհային ժառանգության անբաժանելի մաս են և սահմանափակված չեն որևէ տիրույթում: Արվեստն ու մշակույթը ստեղծվում են նաև այսօր. ներկայում ևս ունենք մեծանուն արվեստագետներ, ստեղծագործողներ, որոնցով, իրավամբ, կարող ենք հպարտանալ: Պետության առաքելությունն ու հանձնառությունն են տաղանդավոր մարդկանց հավաքել մեկ հարթակում՝ միասին քննարկելու կարևոր հարցեր՝ աջակցելով առաջնահերթ ծրագրերին և լավագույն գաղափարներին»:
Խոսելով մշակութային քաղաքականության մասին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը մատնանշել է պետական աջակցությունը՝ կարևորելով տարբեր մշակութային կառույցների գույքային, նյութատեխնիկական, անհրաժեշտ գործիքներով հագեցվածության ապահովման աշխատանքները: «Ստեղծագործող մարդիկ պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ, հարմարավետ միջավայր, որպեսզի մշակույթի և արվեստի մասին մտածելու ժամանակ ունենան: Պետության հանձնառությունն է՝ ապահովել պայմաններ և միջավայր, որպեսզի մշակույթն ու արվեստը դառնան ինքնաբավ: Ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները, ֆինանսավորման նոր մոդելներն ուղղված են ինքնաբավության ապահովմանը: Վստահ եմ՝ սփյուռքի մեր հայրենակիցները շատ մեծ աջակցություն կարող են ցուցաբերել՝ կիսելով իրենց փորձն ու գաղափարները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ֆորումին մաղթելով հաջող և արդյունավետ քննարկումներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը տարբեր երկրներում մշտապես ընկալվել է որպես մշակույթի և արվեստի կրող՝ շնորհիվ հայազգի անվանի արվեստագետների. «Մշակույթը միավորում է հայ ժողովրդին՝ անկախ աշխարհագրությունից: Արվեստի և մշակույթի համաժողովի նպատակներից է ամրապնդել այս միասնությունը, ստեղծել համագործակցության նոր կամուրջներ Հայաստանի և սփյուռքի միջև, աջակցել հայ արվեստագետների փոխճանաչելիությանը, խթանել համատեղ նախագծերի իրագործումը, ինչպես նաև սփյուռքահայ մասնագետների ներգրավմամբ ձևավորել մշակութային քաղաքականության ժամանակակից և համապարփակ օրակարգ մերօրյա իրականության համար»:
Երկօրյա համաժողովը հագեցած էր բազմաոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, թեմատիկ աշխատաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և մի շարք մշակութային միջոցառումներ։ «Մշակութային կրթության հեռանկարները գլոբալ փոխանակումների միջավայրում» թեմայով պանելային քննարկմանը որպես բանախոս մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Քննարկմանն անդրադարձ է եղել մշակութային կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձևաչափերին, փորձի փոխանակման արդյունավետ մեխանիզմներին, դասախոսների և ուսուցիչների վերապատրաստման հնարավորություններին, ինչպես նաև կրթական գործընթացում կիրառվող նորարարական մոդելներին։
Համաժողովը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 250 հայ արվեստագետների, փորձագետների և ստեղծագործ անհատների աշխարհի տարբեր երկրներից։ Այն միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը և, ամենակարևորը, հայկական մշակույթի ու արվեստը միջազգային հարթակներում ներկայացմանը։