ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստան կատարած այցի շրջանակում պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Թեյմուրազ Գամցեմլիձեի հետ:

Պաշտոնյաները քննարկել են միջմշակութային հարաբերությունների զարգացման հեռանկարները և թանգարանների ոլորտում համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորությունները:

Երկուստեք ընդգծվել է, որ մշակույթի ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցությունը զարգացնելու լայն ներուժ կա: Այս համատեքստում կարևորվել է համատեղ ցուցադրությունների կազմակերպումը երկու երկրների թանգարաններում պահվող արժեքավոր ցուցանմուշների համադրմամբ:

Այցի շրջանակում նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, ծանոթացել գործունեությանը, առկա պայմաններին:

Հիշեցնենք՝ Վրաստան այցի նպատակն էր Թբիլիսի քաղաքի N 13 հասցեում հայ մեծանուն արվեստագետ և մտավորական Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացումը: