ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կկայանա «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թվականի եզրափակիչ գալա համերգը։ Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն:
Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը։
Գալա համերգը նպատակային ծրագրի կարևոր մասն է, որի ընթացքում ներկայացվում են տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, առաջընթացը և ծրագրի մասնակիցների ստեղծագործական ու կատարողական ձեռքբերումները։ 2025 թ. համերգային ծրագրում կհնչեն հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11–20 տարեկան բացառիկ տաղանդավոր երաժիշտ-կատարողների (դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարողական հմտությունների խորացմանը և միջազգային ասպարեզում նրանց մրցունակության բարձրացմանը։ 2025 թվականին իրականացվել են անհատական դասընթացներ, վարպետության դասեր, համերգային ելույթներ և մասնագիտական խորհրդատվություն՝ ներգրավելով ոլորտի առաջատար մասնագետներին։
2025 թ. ծրագրում ընդգրկված են նոր անդամներ, որոնց հաջողությունները փաստում են նախաձեռնության արդյունավետությունն ու դրա շարունակականության կարևորությունը:
Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին, զարգացնել և կատարելագործել նրանց մասնագիտական և բեմական կարողությունները, խրախուսել միջազգային մրցույթներին, փառատոներին և նախագծերին նրանց մասնակցությունը, ձևավորել արդյունավետ հարթակ՝ ոլորտի փորձառու երաժիշտների գիտելիքները սաներին փոխանցելու համար:
«Մեկնարկ» ծրագիրը ընդգրկված է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկում։
Ծրագրի ընթացիկ գործունեությունն ու նորությունները հասանելի են ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/meknark