Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում և «Դինամո» ՄՀԿ-ի մարզահամալիրում ավարտվել են «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:
Վոլեյբոլի մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 379 դպրոցի 3790 աշակերտ է մասնակցել:
Վոլեյբոլ մարզաձևից միջմարզային մրցումների արդյունքում եզրափակչի ուղեգիր էին նվաճել Երևանի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի տղաների դպրոցական թիմերը և Երևանի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Արմավիրի մարզերի աղջիկների դպրոցական թիմերը:
Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի Բջնիի միջնակարգ դպրոցի թիմը:
Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցի թիմը:
1-ից 3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով, իսկ աշակերտները՝ հավաստագրերով և մեդալներով: