ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ կայացել է հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ «Մոռացում չկա» խորագրով:
Համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա կարևորել է հայ կոմպոզիտորական արվեստի տարածումն ու հանրահռչակումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նախարարի տեղակալի խոսքով՝ հոբելյանները հրաշալի հնարավորություն են՝ մեկ անգամ ևս անդրադառնալու հայ կոմպոզիտորներին և հնչեցնելու նրանց ստեղծագործությունները: Նա բարձր է գնահատել հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը և ընդգծել, որ կոմպոզիտորի բեղուն գործունեության հիմքում և ոգեշնչման առանցքում մշտապես եղել է Հայաստանը:
Հոբելյանական համերգի ընթացքում հնչել են Ալեքսանդր Աճեմյանի հեղինակած ստեղծագործությունները՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի կատարումներով։ Ելույթ են ունեցել նաև Արթուր Իսպիրյանը, Սևակ Մուսախանյանը, Զարուհի Բաբայանը, Ելենա Մուրադյանը, Լուսինե Կչոզյանը, Արման Վարդանյանը, Նաիրա Մանուչարյանը: Համերգին մասնակցել է նաև Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը:
Համերգային երեկոն ընթացել է Հայաստանի ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ. գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան:
Ալեքանդր Աճեմյանը հեղինակ է հինգ սիմֆոնիաների, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի սիմֆոնիաներ՝ «Սասունցի Դավիթ» (5-րդ, 1955-84 թթ.), «Յոթ երգ Հայաստանի մասին»` ըստ Գևորգ Էմինի (6-րդ, 1979 թ.)։ Նրա գրչին են պատկանում նաև «Հովվերգական սիմֆոնիետ» (1984 թ.), «Ռեքվիեմ», Հովհաննես Թլկուրանցու խոսքերով վոկալ շարքը (1969 թ.), «Լորիկը», «Երևանը» սիմֆոնիաները, «Ռեքվիեմ», պոեմ-ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար (1957 թ.), բալետային սյուիտ (1961 թ.), կոնցերտինո ջութակի և դաշնամուրի համար (1949 թ.), կոնցերտինո շեփորի և դաշնամուրի համար (1951 թ.), սիմֆոնիկ և կամերային գործեր, վոկալ-գործիքային շարք, ռոմանսներ, երգեր, երաժշտություն՝ թատերական ներկայացումների և կինոնկարների համար։
Ալեքսանդր Աճեմյանը հայ առաջինն երաժիշտն է, որը սիմֆոնիկ նվագախումբ է մտցրել մարդկային ձայն՝ սոպրանո (օրինակ՝ կոմպոզիտորի երկրորդ սիմֆոնիան)։
Կոմպոզիտորը 1975 թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 1965 թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984 թ.՝ Ժողովրդական արտիստի կոչման։