Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը, որն անցկացվում է «Վերծանելով ստեղծարար արդյունաբերությունը» խորագրի ներքո։ Միջոցառումն անցկացվում է մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։
Մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկում ձևավորված համաժողովը միավորել է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, պրոդյուսերներին և արվեստագետներին` քննարկելու Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ֆորումի բացմանը ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքը։ «Մեր երկրում ձևավորվում է մշակութային նոր մտածողություն՝ հիմնված նորարարության, գիտելիքի և համագործակցության վրա։ Հայկական արվեստն ու մշակույթը մեր ինքնության արժեհամակարգի անքակտելի մասն են, սակայն մշակույթը նաև նորարարության, տնտեսական և համայնքային զարգացման կարևոր տարր է։ Ստեղծարար արդյունաբերությունը հզոր ուժ է՝ մշակութային ինքնարտահայտման, միջազգային համագործակցության և տնտեսական աճի համար։
ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է մշակութային քաղաքականության ապակենտրոնացման և ներառականության մոտեցումը՝ մշակութային կյանքին մասնակից դառնալու հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ բնակության վայրից։
Մշակութային սպառման ուսումնասիրությունն այս համատեքստում խիստ կարևոր գործիք է։ Մշակույթի հասանելիության, մասնակցության ձևերի և հասարակական ընկալումների վերլուծության արդյունքում ստացված տվյալները թույլ են տալիս կառուցել առավել արդյունավետ, ճշգրիտ և երկարաժամկետ ծրագրեր։
«ԱՍԱ» ծրագիրը հանդիսանում է Հայաստանի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնություններից մեկի՝ մշակութային ձեռնարկությունների և ստեղծարար բիզնեսների հզորացմանն ուղղված «Կատապուլտ» ծրագրի շարունակությունը՝ վկայելով արձանագրված դրական արդյունքների մասին: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ստեղծարար և նորարարական ոլորտները։
Լիահույս եմ, որ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի ստեղծարար արդյունաբերությունների զարգացման համար նոր գաղափարների ձևավորմանը և միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակմանը»,- մասնավորապես նշվում է նախարարի խոսքում։
Նախարարը նաև ընդգծել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության ռազմավարական կարևորությունը՝ հայ արվեստագետների և մշակութային գործիչների ներկայացվածությունը միջազգային հարթակներում ապահովելու, մշակութային երկխոսությունը և ստեղծարար տնտեսության զարգացումը խթանելու տեսանկյունից։
Համաժողովն անցկացվել է պանելային քննարկումների ձևաչափով։
Տեղացի և միջազգային փորձագետների, որոշում կայացնողների և ստեղծարար ոլորտի ակտիվ գործիչների մասնակցությամբ քննարկվել են մշակութային քաղաքականության հիմնարար հարցեր, որոնք վերաբերել են ռեսուրսների և հնարավորությունների ապակենտրոնացմանն ու թվայնացմանը, ոլորտի աջակցության ռազմավարական հեռանկարներին, արվեստագետների իրավունքներին, մշակութային և ստեղծարար ոլորտների միջոլորտային համագործակցությանը։
Պանելային քննարկումներն ուղեկցվել են տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ:
Համաժողովը կեզրափակվի «Բիզնեսն՝ արվեստին» մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում կպարգևատրվեն այն ընկերությունները, որոնք աջակցում են արվեստին և նպաստում մշակույթի զարգացմանը։
ԱՍԱ համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագրի, AGBU Armenia-ի և JHM հիմնադրամի աջակցությամբ: ASA Ֆորում 2025-ի գործընկերներն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։