ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Նիդերլանդերի Թագավորություն, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել հանրային մասնագիտական ուսհաստատությունները համակարգող, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և գործատուների հետ հարաբերությունները կարգավորող մարմինների, կրթության տեսչության և մասնագիտական կրթության պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ: Կազմակերպվել են նաև այցեր մասնագիտական ուսումնական հաստատություններ, որոնց ընթացքում քննարկվել են վերջիններիս խոշորացմանը, կառավարմանը, որակի վերահսկողությանը, կրթական ծրագրերի և գործատուների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այցը կազմակերպվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակացությամբ և աջակցությամբ՝ մասնագիտական կրթության զարգացմանը միտված գործողությունների շրջանակում՝ նիդերլանդական փորձի ուսումնասիրության նպատակով:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ), Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ), Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), Ուսուցման ազգային հիմնադրամի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ: