ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել է Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ:
Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները՝ բնութագրական ավանդույթները, դրանց հետ կապված գիտելիքներն ու հմտությունները, բարքերը, սովորույթները։
Քննարկման ընթացքում մասնագետները մանրամասն վերլուծել են առաջարկները՝ ներկայացնելով նաև իրենց դիտարկումները: Առանձնակի ընդգծվել է դրանց լրացման, հստակեցման և խմբագրման անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ շեշտվել է առաջարկներում ներառված տերմինների, պատմական տեղեկությունների և բնութագրերի հստակեցման պահանջը: Խորհրդի անդամները կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների և առանձին կազմակերպությունների ջանքերը պահպանման և տարածման ուղղությամբ:
Նշենք, որ ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների առաջարկները ներկայացվել են «Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության կողմից, որոնք գրանցվել էին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքներում, ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային մրցույթով աջակցություն ստացած երիտասարդական մշակութային ճամբարի ընթացքում:
Համապատասխանեցված և լրացված տեղեկատվության հիման վրա ներկայացված արժեքները կգրանցվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների կենսունակ և անհապաղ պաշտպանության ցանկերում։