ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնել է՝ ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը չի չեղարկվել. այն կշարունակվի ֆինանսավորվել համալիր ստուգում իրականացնելուց հետո:

«Համակարգը կարող է արդյունավետ և նպատակային լինել, եթե դրա բոլոր մասնակիցներն ազնիվ են, չեն խեղաթյուրում տվյալները և օգտվում են այն ծրագրից, որը նախատեսված է հստակ թիրախային խմբի համար՝ ըստ սահմանված կարգավորումների»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ իրավապահ մարմիններից ստացվել են տվյալներ՝ ծրագրի չարաշահման դեպքերի վերաբերյալ։ Մասնավորապես, նման դեպքեր արձանագրվել են փոքր գյուղական համայնքում՝ կեղծ տեղեկանքներ ներկայացնելով բնակության վայրի վերաբերյալ:

«Այստեղ առաջին հերթին պետք է տնօրեններն ու ուսուցիչներն իրենց հարց տան՝ որքանով են ազնիվ ու բարեխիղճ պետության նկատմամբ։ Ծրագիրը չի չեղարկվել, բայց այն կշարունակվի միայն համալիր ստուգումից և տվյալների ճշգրտումից հետո։ Սա սկզբունքային հարց է, հատկապես կրթության ոլորտում, որտեղ մենք երեխաներին սովորեցնում ենք՝ ազնվությունն ու անկեղծությունը կարևոր արժեքներ են»,– նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ այժմ ստուգվում են տվյալները. բոլոր այն ուսուցիչները, որոնք ըստ պատշաճի և բարեխիղճ են օգտվում ծրագրից, կշարունակեն ստանալ փոխհատուցում, իսկ նրանք, ովքեր տվյալները խեղաթյուրել են, այլևս չեն դառնա շահառու։

ԿԳՄՍ նախարարին հարց է ուղղվել նաև մանկավարժական թոշակի վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ծրագիրը տևական ժամանակ է՝ չի գործում և կապված է կենսաթոշակային ոլորտի փոփոխությունների հետ:

«Ուսուցիչների երաշխիքների և սոցիալական պաշտպանության համակարգի խնդիրները կարևորելով՝ մենք առաջիկայում նախաձեռնելու ենք ուսուցչի կարգավիճակի մասին առանձին օրենքի մշակումը, որը հնարավորություն կտա մեկ ամբողջական փաթեթի մեջ հավաքել ուսուցիչների պաշտպանության տարբեր գործիքակազմերը, որոնք այսօր էլ քիչ չեն պետության կողմից: Նոր նախաձեռնության շրջանակում կդիտարկվեն բացերը՝ քննարկելով նաև հնարավոր հավելյալ աջակցության ծրագրերը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը: