Ժամանակին դպրոց հաճախելը երեխայի զարգացման և կրթության իրավունքի ապահովման առանցքային նախապայման է։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Արձագանքելով պատգամավորի հարցին՝ նախարարը նշել է, որ ոլորտի օրենսդրությամբ սահմանված է՝ երեխաները պարտադիր պետք է դպրոց հաճախեն այն տարում, երբ լրանում է նրանց 6 տարեկանը։ Այսինքն, եթե մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը լրանում է երեխայի 6 տարեկանը, ապա նա պետք է դպրոց հաճախի հենց այդ տարվա սեպտեմբերից։ Հակառակ դեպքում երեխան համարվում է պարտադիր կրթությունից դուրս մնացած, որն առաջացնում է համապատասխան իրավական և սոցիալական հետևանքներ։

«Երբ Կառավարության ծրագրին համահունչ սկսեցինք լրջորեն զբաղվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերմամբ և պատճառների ուսումնասիրությամբ, պարզ դարձավ, որ ամենամեծ խմբերից մեկը հենց այն երեխաներն են, որոնց 6 տարեկանն արդեն լրացել է, սակայն նրանք դեռևս չեն հաճախում դպրոց։ Սա ոչ միայն բացասաբար է անդրադառնում երկրի միջազգային վարկանիշի և կրթական սանդղակներում դիրքի վրա, այլև առաջացնում է բազմաթիվ խնդիրներ հենց այդ երեխաների համար։ Փոփոխությունն իրականացվել է 2023 թվականի գարնանը և ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերից: Ծնողները բավականին երկար ժամանակ տեղեկացված են եղել, որ պետությունը խստորեն վերահսկելու է, որ երեխաները դպրոց հաճախեն սահմանված ժամանակին»,– նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ կան բացառիկ դեպքեր, երբ դպրոց հաճախելու ժամկետը կարող է հետաձգվել՝ երեխայի լավագույն շահով պայմանավորված։ Ըստ նախարարի՝ այդպիսի դեպք է համարվում մտավոր զարգացման լուրջ խնդիրների առկայությունը: Նման դեպքերի համար համապատասխան օրենսդրական կարգավորումներով թույլատրվում է՝ նույնիսկ յոթ տարեկան դառնալուց հետո, երեխան կարող է հանրակրթության մեջ ընդգրկվել հենց առաջին դասարանից։

«Մանկավարժական և հոգեբանական բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ 7 տարեկան երեխաներն ուսումնական նյութը յուրացնում են շատ ավելի արագ, և անհրաժեշտություն չկա, որ նրանք 6 տարեկան երեխաների հետ անցնեն նույն ծրագիրը։ Սա կարող է բացասաբար ազդել նրանց զարգացման վրա։ Այս պահին պետությունը կիրառում է մի շարք աջակցող գործիքներ, օրինակ՝ երկարօրյա ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս երեխաներին լրացուցիչ աջակցություն ստանալու և արագ հարմարվելու դասընկերների ուսման տեմպին»,– ասել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը հատուկ մոնիթորինգ է իրականացնում այն երեխաների նկատմամբ, որոնք, այս տարի ուշ դպրոց հաճախելով, միանգամից ընդգրկվել են երկրորդ դասարան։

«Հավաքագրվում են տվյալներ նման երեխաների առաջընթացի վերաբերյալ. մեծ մասն արդեն հաջողությամբ յուրացրել է առաջին դասարանի ծրագրային նյութը և լիովին համընթաց է մյուսներին։ Վերջերս զրուցել եմ մի շարք ծնողների հետ, որոնք սկզբում մտավախություն ունեին, որ երեխաները չեն հասցնի, բայց այժմ իրենք են գոհ, որ երեխաները լրացուցիչ տարի չեն կորցրել»,– նշել է նախարարը, հորդորելով ծնողներին, երեխաներին ժամանակին տանել դպրոց։

«Դա երեխայի զարգացման և կրթության իրավունքի կարևոր պայման է»,– եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։