Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամ 17-ամյա Վահե Սուքիասյանը դարձել է Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության հաղթող:

Վահեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր։ 13-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթող է ճանաչվել նաև շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում, որին մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 շախմատիստ: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:

Մեդալակիր շախմատիստները հանդես են եկել Հայաստանի շախմատի ակադեմիայի ավագ մարզիչ, միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի գլխավորությամբ:

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունը ներառել է 12 տարիքային խումբ՝ մինչև 18, 16, 14, 12, 10 և 8 տարեկան պատանիներ ու աղջիկներ։

Բենիկ Ագասարովը Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում կիսել է 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Բենիկը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Ռոբերտ Փիլիպոսյանը մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Մանվել Առաքելյանը մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Սերգեյ Ենոքյանը մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Դավիթ Մելքոնյանը մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Մանվել Վարդանյանը մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը, իսկ Դավիթ Դալալոյանը՝ 15-րդ:

Աղջիկների թիմից Նվարդ Հայրապետյանը մինչև 18 տարեկանների մրցաշարում զբաղեցրել է 11-րդ, իսկ Պոլինա Կոբակը՝ 14-րդ հորիզոնականը: Անի Ավետիսյանը մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: