ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ նոյեմբերի 1-9-ն Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվել է Արտաշատի հանրապետական թատերական 3-րդ փառատոնը:
Նախօրեին տեղի է ունեցել փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Ուրվականների սոնատը» ներկայացմամբ: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, Արարատի մարզպետարանի, Արտաշատի համայնքապետարանի, Հայաստանի թատերական գործիչների միության ներկայացուցիչներ, հյուրեր:
Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Արտաշատի հանրապետական թատերական փառատոնին մասնակցող թատրոնների թվի ավելացումը: Նրա դիտարկմամբ՝ փառատոնային ծրագիրը դարձել է առավել բազմաժանր և հետաքրքիր:
«Հատկանշական է, որ պատմական քաղաքամայր Արտաշատը, լինելով հայ թատրոնի բնօրրանը, ունի թատերական փառատոն: Ուրախալի է, որ այս տարի փառատոնն ընդլայնվել է՝ ընդունելով ավելի շատ թատրոններ՝ բոլոր տարիքային խմբերի համար ներկայացումներով, այդ թվում՝ տիկնիկային, մնջախաղ: Պահելով այս նշաձողը՝ վստահաբար հաջորդ տարիներին փառատոնն առավել կընդլայնվի՝ հարթակ տրամադրելով նաև ոչ պետական թատրոններին»,- ասել է նախարարի տեղակալը:
Անդրադառնալով պետության կողմից թատերական ոլորտում իրականացվող շարունակական ներդրումներին՝ Դանիել Դանիելյանը նշել է, որ պետությունը հետամուտ է թատրոնի խնդիրների լուծմանը՝ սկսած թատրոնների կապիտալ վերանորոգումներից մինչև լուսաձայնային տեխնիկայի և նոր գույքի ձեռքբերում:
Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին՝ կատարած աշխատանքի և մարզերում մշակութային կյանքի խթանման համար:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ամո Խարազյանի անվան թատրոնի տնօրեն Կ. Նաղդալյանը և տեղեկացրել, որ փառատոնին ներկա է եղել շուրջ 3000 հանդիսատես՝ Արարատի մարզից և հանրապետության տարբեր քաղաքներից: Այս տարի փառատոնին մասնակցել են հանրապետության 11 թատրոններ: