ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի նախաձեռնությամբ նոյեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ նոյեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, Արարատի մշակույթի կենտրոնում կկայանա «Անուշը մարզերում» ծրագիրը։

Ծրագրի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից. բեմադրիչ՝ Ռիտա Գևորգյան։

Ներկայացման մեջ ընդգրկված են Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի երգեցողության, ջութակի, դաշնամուրի և պարարվեստի բաժինների շնորհալի աշակերտները։ Նրանց ստեղծագործական պատրաստվածության, բեմական վարպետության և արտիստիկ հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատել են փորձառու մասնագետներ:

Ներկայացումը միաժամանակ ունի ուսուցողական և գեղարվեստական նշանակություն՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդ կատարողներին բացահայտելու իրենց կարողությունները բեմում և հանդիսատեսին ներկայացնելու հայկական օպերային արվեստի գանձերը։

Նշենք, որ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցում երաժշտաթատերախումբը գործում է 2013 թվականից՝ դպրոցի վաստակաշատ մանկավարժ Ռիտա Գևորգյանի նախաձեռնությամբ։ Այս ընթացքում բեմադրվել է հինգ ներկայացում, որոնք կարևոր դեր են խաղացել դպրոցի սաների գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական մտածողության և մասնագիտական կողմնորոշման ձևավորման գործում։

Վերջին տարիների հաջողված փորձն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունը վկայում են, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են մշակութային կրթության տարածմանն ու հանրահռչակմանը մարզերում։