ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում անցկացվել են ֆուտզալի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:
Միջմարզային մրցումների արդյունքում եզրափակչի ուղեգիր էին նվաճել Երևան քաղաքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի դպրոցական թիմերը:
Երկօրյա համառ պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Երևանի Ա․ Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմավիրի Ռ․ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Չարենցավանի Մ․ Մաշտոցի անվան ավագ դպրոցի թիմը։
1-ից 3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով, մարզիկները՝ հավաստագրերով, մեդալներով:
Միջմարզային մրցումների կազմակերպչական աշխատանքներին մեծապես աջակցել են Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզպետարանները և մարզական կազմակերպությունները:
Պարգևատրությունը կատարել են ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Վահագն Դավթյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը: