ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանում, որով հաստատված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը:

Նախաձեռնությամբ կարգավորվում է ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների ուսանողական իրավունքների վերականգնման և ուսումնառության կազմակերպման գործընթացը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև «Կրթության մասին» օրենքը ուժի մեջ մտնելը (1999 թ. մայիսի 14-ը)՝ ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների հավատարմագրման ինստիտուտ ներդրված չի եղել, սույն կարգավորմամբ ոչ պետական չհավատարմագրված հաստատությունների՝ մինչև 2003 թ. ներառյալ շրջանավարտներին հնարավորություն է տրվում ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրված բուհերում:

Մասնավորապես՝ ամրագրվում է, որ ոչ պետական չհավատարմագրված հաստատությունների շրջանավարտները կարող են վերականգնվել բակալավրի կրթական աստիճանում հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում՝ բացառությամբ ավարտական կուրսերի: Վերականգնման կուրսը որոշում է ընդունող հաստատությունը՝ հիմք ընդունելով շրջանավարտի դիպլոմի և հավելվածի բնօրինակը:

Եթե ուսանողին ավարտական փաստաթուղթ շնորհած հաստատությունը կամ մասնագիտությունը ունեն հավատարմագրում, ապա շրջանավարտը կարող է վերականգնվել հենց տվյալ հաստատությունում, իսկ եթե դրա գործունեությունը դադարեցված է, ապա՝ տվյալ մասնագիտության հավատարմագրում ունեցող այլ ուսումնական հաստատությունում:

Հետագա ուսումնառության գործընթացը կարգավորվում է ընդունող հաստատության սահմանած կարգով՝ վերականգնման համար անհրաժեշտ առարկայական տարբերությունների (մինչև 40 կրեդիտ) հանձնման ժամանակացույցով:

Այսպիսով՝ սույն կարգավորումները կապահովեն ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների հետագա կրթության և աշխատանքային գործունեության շարունակականությունը: