ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Գյումրիում մեկնարկել է մասնագիտական ուսուցման ծրագիր։

Հյուրընկալության ակադեմիայի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի հիմնադիր Վահե Գաբրաշը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով, որ հյուրընկալության ակադեմիայի բացումը կարևոր իրադարձություն է մասնագիտական կրթության զարգացման և երիտասարդների համար նոր հնարավորությունների ընձեռման տեսանկյունից։

«Այս կրթական կենտրոնն աշխատանքի և համագործակցության լավագույն օրինակներից է: Այն միավորում է հայկական հյուրընկալության հարուստ ավանդույթը և շվեյցարական մասնագիտական կատարելությունը։ Այս համագործակցությունը ցույց է տալիս, որ ամեն ինչ հնարավոր է, երբ մենք աշխատում ենք, երբ հավատում ենք գիտելիքի ուժին և կրթությունը դարձնում ենք մեր ազգային առաջնահերթությունը»,- ասել է նա և շնորհակալություն հայտնել գործընկերներին, իսկ ուսանողներին ու դասախոսական կազմին մաղթել հաջող ընթացք:

Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան (SAAH) տեղակայված է Գյումրու «Apricot Grand Hotel Gyumri» hյուրանոցում, համահիմնադիրն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Ակադեմիան լիցենզավորված է աշխարհի թիվ 1 հյուրընկալության կառավարման դպրոցի՝ VET by EHL-ի կողմից։ 18 տարին լրացած անձինք կարող են ստանալ շվեյցարական որակի մասնագիտական կրթություն Հայաստանում:

Ակադեմիան առաջարկում է ուսուցում՝ երեք մասնագիտությամբ.

  • Խոհարարական արվեստ (Culinary Art)
  • Ռեստորանային սպասարկում (F&B Service)
  • Հյուրանոցային ադմինիստրացիա (Hotel Administration)

Յուրաքանչյուր մասնագիտություն ներառում է հավաստագրման երեք մակարդակ՝ հիմնական (I), միջին (II) և առաջատար (III)։ Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 6 ամիս է, աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելով՝ 3 ամիս ուսում + 3 ամիս գործնական աշխատանք: Ուսուցումն իրականացվում է անգլերենով: Ակադեմիայում դասավանդում են VET by EHL կողմից հավատարմագրված և վերապատրաստված առաջնակարգ մասնագետներ։